Մոսկվան ողջունում է 5 հայ ռազմագերիներին ազատ արձակելու Բաքվի քայլը: Հուսով ենք, որ ձերբակալվածներին վերադարձնելու գործընթացը կշարունակվի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ընդհանուր առմամբ, այդ թվում Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ 2020 թվականի դեկտեմբերից փոխանակվել է 112 կալանավոր՝ 105 հոգի վերադարձել է Հայաստան, 17 մարդ՝ Ադրբեջան: Մենք մտադիր ենք շարունակել աջակցել Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը՝ բոլոր ուղղություններով»,- նշել է նա:

Ինչպես արդեն հաղորդվել էր, հոկտեմբերի 19-ին Ադրբեջանից հայրենիք է վերադարձել 5 հայ ռազմագերի: Նրանք են՝ Մելս Համբարդանյանը, Ռաֆիկ Կարապետյանը, Ժորա Մանուկյանը, Հովսեփ Մանուկյանը, Սեդրակ Սողոմոնյանը: Զինծառայողներին բերել է Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ինքնաթիռը:

Բաքվում պահվող ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու գործընթացը տեղի է ունեցել ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ: Այս բոլոր գերիները հուլիսին Բաքվում դատապարտվել էին 6 տարվա ազատազրկման: