Յուրօրինակ մեղքի զգացում ունենք, որ մենք կենդանի ենք, իրենք մեզ հետ չեն, բայց մի կարևոր հանգամանք կա, որ մենք բոլորս պետք է ֆիքսենք, ընդունենք, որպես կյանքի հանձնառություն և դրանով առաջնորդվենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության Արթուր Ղազինյանը:

Նրա խոսքով, պետք է իմաստով լցնել տղաների զոհողությունը, որոնք իրենց ամենաթանկը՝ կյանքը նվիրեցին հայրենիքին. «Մեզանից յուրաքանչյուրը պետք է ընդունի, որ չսպառված էներգիան կուտակված է Եռաբլուրում, և այդ էներգիան, կիսատ մնացած կյանքերը, պետք է դառնան իմաստ, բովանդակություն շարունակելու»,- ասաց Ղազինյանը։

Նա նշեց, որ շատերը մտածում են՝ Ադրբեջանը պատերազմ սկսել էր Արցախի դեմ, որ դա մեզ չի վերաբերում, վերաբերում է Արցախին. «Այդպես չէին մտածում Արցախը պահող մեր տղերքը: Ընդհակառակը, նրանք գիտակցում էին, որ յուրաքանչյուր մետրի, թիզի համար մղվող պայքարը սեփական տան համար մղվող պայքարն էր: Մենք իրավունք չունենք չպայքարելու։ Մենք պետք է պայքարենք հաղթելու, ապրելու համար։  Ես ուզում եմ, որ բոլորս գիտակցենք, ոչ ոք անպատիժ չպետք է մնա։

Այն մարդիկ, որոնք ուղղակի կամ անուղղակի մասնակից են եղել այս դավադիր պատերազմի ծրագրավորմանը, իրականացմանը, ուշ թե շուտ, միևնույն է, ենթարկվելու են ամենախիստ քրեական պատասխանատվության։ Ճշմարտությունը սերունդների համար պետք է բացահատվի, այդ ճշմարտությունն է մեզ տանելու ամուր, իրապես պինդ հայկական պետության ստեղծմանը։

Մենք խոնարհվում ենք ձեր առջև, սպասում ենք ձեր պատգամին, ավարտին հասցնելու մեր պետության կայացման այդ փուլն ու անցնել առաջ։ Իրականում մենք բոլորս պատրաստ ենք կոնկրետ գործողության, քայլերի, լուծելու այս հարցը և բոլոր մեղավորներին կանգնեցնելու դատարանի առջև»,- ասաց Ղազինյանը՝ դիմելով զոհված ու անհետ կորած զինվորների ծնողներին:

Նա տեղեկացրեց, որ ներկայացրել են բազմաթիվ հաղորդումներ, փորձել են հարցը լուծել իրավական ճանապարհով. «Տվել ենք 6-ից ավելի հաղորդում պետական դավաճանության մասին՝ մանրակրկիտ նկարագրված դավաճանության բոլոր դրվագները, զրո հետեւանք» Որեւէ քրգործ չհարուցվեց, հակառակը, քրգործերը հարուցեցին այն զինվորականների նկատմամբ, որոնք իրապես պայքար են մղել: Հերոսի կոչումներ տվեցին մարդկանց, որոնք բացի հանձնելուց որեւէ այլ բան չեն արել, պարգեւատրումներ արեցին մարդկանց, որոնք նահանջից բացի բովանդակային հրաման չեն տվել: Պարգեւատրում են հանձնողներին: Պատերազմը չի ավարտվել, այն հայի տեսակի դեմ էր, մեր դեմ էր»,-ասաց նա: