Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն չէ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն կարծիքի հետ, որ մարդկության ճակատագիրը ներկայումս կախված է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ հանդիսացող երկրների նեղ շրջանակից։

«Ոչ», - հինգշաբթի հայտարարել է Պուտինը՝ պատասխանելով «Վալդայ» միջազգային ակումբի նիստին մոդերատորի հարցին: Նա հավելել է, որ հասկանում է Էրդողանի նման հայտարարության պատճառները։ «Որովհետեւ, ըստ երեւույթին, նա կարծում է, որ Թուրքիան եւս կարող էր Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ լինել։ Սակայն այդ հարցը մենք՝ Ռուսաստանը չէ լուծելու, դա պետք է լուծվի կոնսենսուսի միջոցով, երբ սահմանվեն եւ վերջնականապես լուծվեն նմանատիպ հարցերը»,- նշել է Պուտինը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա՝ Էրդողանը իրավացի է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ուժերի որոշակի հարաբերակցություն կար, սակայն այժմ այն փոխվում է։ «Մենք պետք է մտածենք, թե ինչպես կարող ենք այս կազմակերպությունը (ՄԱԿ - խմբ.) դարձնել ավելի հավասարակշռված, մանավանդ որ, իսկապես, այս իմաստով նախագահ Էրդողանը ճիշտ է, որ այն ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ կար ուժերի որոշակի հարաբերակցություն, սակայն այժմ այն փոխվում է: Այն արդեն փոխվել է», - ասել է Պուտինը, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն։