Միջազգային ասպարեզում Արեւմուտքի բազմադարյան գերակայությունն իր տեղը զիջում է շատ ավելի բազմազան համակարգի, հինգշաբթի օրը «Վալդայ» միջազգային ակումբում հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ուժերի փոփոխված հարաբերակցությունը ենթադրում է մասնաբաժինների վերաբաշխում հօգուտ այն աճող եւ զարգացող երկրների, որոնք մինչ այժմ իրենց անմասն էին զգում։ Պարզ ասած, համաշխարհային գործերում Արեւմուտքի գերակայությունը, որը սկսվել է մի քանի դար առաջ եւ 20-րդ դարի վերջին մի կարճ ժամանակով դարձել է գրեթե բացարձակ, իր տեղը զիջում է շատ ավելի բազմազան համակարգի»,- ասել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ վերջին 20 տարիների ընթացքում ԱՄՆ-ը զգալի վնասներ է հասցրել այն երկրներին, որտեղ ամերիկյան զորքերն իրականացրել են իրենց գործողությունները, այնտեղ իրավիճակը կտրուկ վատացել է: «Աշխարհի ամենահզոր երկիրը երկու տասնամյակ շարունակ ռազմական արշավներ է իրականացնում երկու պետություններում, որոնք ոչ մի կերպ չեն համեմատվում նրա հետ, ոչ մի կերպ։ Բայց արդյունքում նա ստիպված եղավ դադարեցնել իր գործունեությունը, չհասնելով այն նպատակներին, որոնք իր առջեւ դրել էր 20 տարի առաջ այդ գործողություններըսկսելիս, հեռանալ այս երկրներից՝ միաժամանակ վնասներ կրելով եւ զգալի վնաս հասցնելով ուրիշներին: Իրականում իրավիճակը միայն կտրուկ վատացել է»: