Հասարակությունը պետք է հասկանա, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին նախագիծը ոչ միայն մամուլի դեմ է, այլ նաեւ զուգահեռ հասարակության ձայնը լռեցնելուն է ուղղված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Նշենք, որ իշխանական մի քանի պատգամավորներ խոսքի ազատության սահմանափակումները խստացնող օրենսդրական փոփոխությունների նախագիծ են մշակել։ Դրանով լրատվամիջոցներին արգելվում է անանուն աղբյուրին հղումով նյութեր հրապարակել։ Կառավարության կողմից այն արդեն շրջանառության մեջ է դրվել։

«Մենք քննարկում ենք ու կարծիք ենք արտահայտում իրենց այս կամ այն օրենսդրական նախաձեռնության մասին, իրենք դա հետո ներկայացնում են, թե լրատվամիջոցների ղեկավարներին կամ մեդիակազմակերպությունների հետ իբրեւ քննարկումներ են անցկացրել։ Հասկանալի է, որ իրենք նստած կաբինետներում «ղուշ-գիր» անելով՝ որոշումներ են կայացնում, սահմանում եմ պատժամիջոցներ, ինձ թվում է՝ այդպես նստում, մտածում են՝ ինչքան միլիոնի պատիժ սահմանեն, որ հասցնեն սնանկության»,- նշեց նա։

Ըստ Սաթիկ Սեյրանյանի՝ իշխանության ներկայացուցիչներին որեւէ նախաձեռնության վերաբերյալ մասնագիտական հանրույթի կարծիքը չի հետաքրքրում.

«Երբ նպատակդ ազնիվ է, դու փորձագետների, ոլորտի ներկայացուցիչների կարծիքներն ես հարցնում, անհանգստություններն ես չափում, որպեսզի չվնասես, այլ բարելավես։ Երբ նպատակդ իշխանությունը պահելն է ու ազատ խոսքը սահմանափակելը, որ հանկարծ որեւէ մեկը թթու խոսք չասի քո հասցեին, ապա պատկերը սա է։ Այս նախագիծն այնքան փնթի է, անգրագետ թուղթ է։ Սա նույնիսկ Սահմանադրությանն է հակասում»։

Սաթիկ Սեյրանյանն ասաց՝ եթե նպատակ է դրվել որեւէ լրատվամիջոցի լռեցնել, այդ լրատվամիջոցի ղեկավարը կարող է այլ երկրում հիմնադրել դոմեյնը եւ նույն գործունեությունը ծավալել.

«Իշխանությունները չարաչար սխալվում են, թե այս պատժիչ միջոցներով կարողանալու են իրենց նպատակին հասնել։ Հասարակությունը պետք է հասկանա, որ սա միայն մամուլի դեմ չի ուղղված, մամուլին էլ զուգահեռ հասարակության ձայնը լռեցնելը։ Մենք տեսնում ենք՝ քրեական գործեր են հարուցվում այն մարդկանց դեմ, որոնք սոցիալական ցանցում կարծիք են արտահայտում։ Հասարակությունը պետք է հասկանա, որ լրագրողն իրենց շահերն են ներկայացնում, միջնորդ են հանդիսանում իշխանությունների միջեւ։ Մամուլն իրենց խանգարում է, որովհետեւ մամուլը բացում են, ասում է՝ սուտ են ասում, սուտ է այս խոստումը, անիրականալի է։ Պետք է սա հասարակությունը հասկանա, որ մամուլի դեմ չի, սա իրենց բերանն են փակում, վաղը իրենք չեն կարողանալու իրենց խնդրի մասին որեւէ տեղ բարձրաձայնել»։