«Ապրելու երկիր» կուսակցությունը Գյումրիում որևէ ուժի հետ կոալիցիա չի կազմելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիում կուսակցության քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանը։

«Նախնական որոշում ենք կայացրել որևէ ուժի կոալիցիա չկազմելու։ Ավագանի անցած ոչ մի ուժից կոալիցիա կազմելու առաջարկ չէինք ստացել»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթել էր «Բալասանյան» դաշինքը՝ ստանալով  ձայների 36․58 տոկոսը։ «Քաղաքացիական պայմանագիրը» հավաքել էր 29.56 տոկոս, «Զարթոնք» կուսակցությունը՝ 10․60, «Ապրելու երկիրը»՝ 5․65, իսկ ՀՀԿ-ն՝ 5․06 տոկոս։ «Բալասանյան» դաշինքը, թեև ստացել է ձայների մեծամասնությունը, սակայն միանձյա ընտրել քաղաքապետի չի կարող։

Ավելի վաղ մեզ հետ զրույցում «Բալասանյան» դաշինքից ասացին, որ թիմում կոալիցիայի մասին քննարկումներ դեռ չեն եղել, բայց կոալիցիան ամենահարմար տարբերակը չեն համարում։ «Զարթոնքից» ասացին, որ որոշում կկայացնեն մանդատների վերջնական բաշխումից հետո, իսկ ՀՀԿ-ից նշեցին, որ կոալիցիա կազմելը բացառում են միայն «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համար, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մեր զանգերին չպատասխանեց։