ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ազատականացման անհրաժեշտության մասին, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Վալդայ» ակումբի հանդիպման ժամանակ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նշել է մոսկովյան Հայրենակիցների համաշխարհային կոնգրեսի բազմաթիվ մասնակիցների քաղաքացիություն ստանալու ցանկությունը։ Այդ կապակցությամբ նա նախագահին հարցրել է, թե հնարավոր չէ՞ արդյոք հեշտացնել ռուսաստանցիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը:

«Ինչ վերաբերում է ռուսական քաղաքացիությանը, դուք իրավացի եք։ Իմ դիրքորոշումն այն է, որ այս գործիքը պետք է կատարելագործել: Կան այս գործընթացի սոցիալ-տնտեսական բաղադրիչների հետ կապված հարցեր՝ դրանք պոլիկլինիկաներն են, մանկապարտեզները, աշխատատեղերը, բնակարանները։ Բայց, այնուամենայնիվ, քաղաքացիության մասին մեր օրենսդրությունը պետք է ավելի ազատական լինի, սա միանգամայն ակնհայտ է, ի դեպ՝ նաեւ աշխատաշուկայի պահանջն է։ Այնպես որ, մենք մտածում ենք այդ մասին»: