«Հրապարակ» թերթը գրում է. «Երկար փնտրտուքից հետո ՔՊ-ն վերջապես կողմնորոշվել է Արթիկի քաղաքապետի թեկնածուի հարցում։ Մեր աղբյուրներն ասացին, որ ՔՊ-ականների ընտրությունը կանգ է առել գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանի վրա։

Բանն այն է, որ ՀՀԿ անդամ, նախկինների օրոք ընտրված քաղաքապետը դարձել է նաեւ ՔՊ-ի սրտի թեկնածուն` երկու պատճառով։ Առաջինն այն է, որ հոկտեմբերի 17-ի ընտրությունները ՔՊ-ին մտածելու տեղիք են տվել, որ թեկնածուն պետք է լինի ուժեղ եւ տեղի բնակչության կողմից ընդունված:

Երկրորդ` ոչ պակաս կարեւոր հանգամանքն այն է, որ Մխիթար Վարագյանի՝ Ղազախստանում ապրող գործարար, մեծահարուստ եղբայր Դավիթ Վարագյանը Նիկոլ Փաշինյանի սիրելի ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայր, Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հարսանիքի քավորն է, իսկ ՔՊ-ականների համար «քավորը սրբություն է»` Հայկ Ղալումյանի օրինակով։ Այսպես ասած` աստղերը համընկել են, եւ Մխիթար Վարագյանի բախտը բացվել է: Վարագյանը, կարելի է ասել, ՀՀԿ-ական-ՔՊ-ական է։

Թեմայի շուրջ փորձեցինք զրուցել Մխիթար Վարագյանի հետ, ով նախ ասաց, որ իրեն հարմար չէ խոսելը, իսկ հետո ուղղակի անտեսեց մեր հեռախոսազանգերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում