Կարս քաղաքի Քալեիչի թաղամասում գտնվող հարյուրամյա հայկական եկեղեցին, որ հայտնի է նաև «Ռուսական եկեղեցի» անունով, վերջնականապես վերանալու վտանգի տակ է։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Հայկական աղբյուրի համաձայն՝ եկեղեցին «Ռուսական» է կոչվում, քանի որ ժամանակին այն օգտագործվել է նաև ռուսների կողմից։ Եկեղեցու պատերը փլվել են, իսկ ներսում գանձագողերը փոսեր են փորել։

Թուրքական աղբյուրը շեշտում է, որ Կարսում պատմական հուշարձանները մեկ առ մեկ անհետանում են, իսկ կանգուն մնացած պատմական կառույցներն էլ թողնված են բախտի քմահաճույքին, և որ Թուրքիայի ամենանշանավոր պատմական հուշարձաններն ունեցող այս քաղաքի տեսարժան վայրերին բավարար չափով ուշադրություն չի հատկացվում։

Կարսի ներկայիս բնակիչները թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում ընդգծել են եկեղեցին փրկելու անհրաժեշտության մասին։