Հայաստանի ներկայիս իշխանությունների երկարաժամկետ նպատակը երկրի արտաքին քաղաքական վեկտորը փոխելն է։ Այս մասին հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը՝ դա, պատգամավորի գնահատմամբ, անխուսափելիորեն գործելու է ընդդեմ Հայաստանի շահերի։

«Այդ նպատակի իրագործման համար Հայաստանի իշխանությունները փորձելու են ընտրել իրենց  համար նպաստավոր ժամանակ»,- ավելացրեց նա։

Աբրահամյանը հիշեցրեց, որ չնայած ՆԱՏՕ-ի հետ որոշ համագործակցությանը՝ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է։

«Բացի այդ, Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր երկիր է։ Երկրի քաղաքականությունը պետք է վարել՝ հաշվի առնելով այս գերակայությունները»,- պարզաբանեց նա։