Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարեթ Սեդերֆելթի հետ Աթենք կատարած այցի ժամանակ բողոք է հայտնել միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» տերմինի օգտագործման դեմ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՄՄ-ի մամուլի ծառայությունը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ընդմիշտ մտել է պատմության մեջ. Ադրբեջանի եւ տարածաշրջանի համար նոր փուլ է սկսվել: Սա վերականգնման եւ շինարարության փուլն է»,- ասել է նա։

Միաժամանակ նա ընդգծել է, որ, այս տարվա հուլիսին նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած հրամանագրի համաձայն, Ադրբեջանի Հանրապետությունում տնտեսական շրջանների նոր բաժանում է սահմանվել։ Այդ հրամանագրով ստեղծվել են երկու նոր շրջան՝ Ղարաբաղի տնտեսական շրջան եւ Արեւելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը:

Հավանաբար, ըստ Գաֆարովայի տրամաբանության, այժմ հակամարտությունը պետք է կոչվի «արեւելազանգեզուրյան-ղարաբաղյան»: Իրականում նման դեմարշներով ադրբեջանական կողմը ճանապարհ է հարթում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջի համար, ինչի կապակցությամբ Բաքուն արդեն մի քանի տարի է, ինչ արտահայտում է իր դժգոհությունը։