Պուտինի հայտարարությունն ամրագրումն է այն բանի, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորված չէ։ Այս մասին հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Դա, նրա խոսքով, հնարավորություններ է ստեղծում ինչ-որ փուլում սկսել գործընթացներ մեր շահերի շրջանակում։

Նա պարզաբանեց, որ այդպիսի գործընթաց կարող է սկսվել միայն Հայաստանում իշխանափոխությունից հետո։

«(Ռուսաստանի – խմբ.) նման մոտեցումը  հակասում է Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքորոշմանը, որոնք հայտարարում են, որ հակամարտությունը կարգավորված է, եւ իրենք լուծել են հարցը ռազմական ճանապարհով»,- ավելացրեց Աբրահամյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ Բաքուն, պատերազմ սկսելով, խախտել է հիմնական սկզբունքներից մեկը, որն ընկած է բանակցությունների հիմքում՝ ուժի կամ այն կիրառելու սպառնալիքի չկիրառման սկզբունքը։

«Այդ փաստը մինչեւ այժմ պատշաճ միջազգային արձագանքի չի արժանացել։ Հայաստանի իշխանությունները այս հարցը նույնպես պատշաճ ձեւով չեն բարձրացնում»,- նկատեց նա։

Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման, Հայաստանի եւ Իրանի միջեւ անվտանգ կապի անհրաժեշտության մասին խոսում են Թեհրանը եւ Մոսկվան, եւ, քանի որ նրանց շահերը համընկնում են Հայաստանի շահերին, դա, Աբրահամյանի կարծիքով, զսպում է Թուրքիային եւ Ադրբեջանին։

«Եվ նորից Հայաստանի իշխանությունները այդ երկրների հետ չեն սինքրոնացնում իրենց գործողությունները, չնայած դա կարող էր մեզ շահ բերել։ Օրինակ, Սյունիքի ուղղությամբ գործընթացների վրա Հայաստանի իշխանությունները ոչ մի ազդեցություն չեն գործում»,- եզրափակեց նա։