Նիլոլ Փաշինյանի իշխանության եւ նրա թիմի հանդեպ վստահության մակարդակն ընկնում է, եւ ակնհայտ է, որ դա կարող է նրանց համար լուրջ խնդիրներ ստեղծել։ Այս մասին հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Այս մասին, ինչպես նշեց ընդդիմադիր գործիչը, վկայում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները։

«Այդ ընտրությունների միջոցով հնարավորություն կա հասնելու այն թեկնածուների հաղթանակին, որոնք հետագայում կկարողանան մարզերում հակակշիռ ապահովել իշխանությունների քաղաքականությանը։ Բնակչության լուրջ մասը համոզված է, որ այս իշխանություններն ի վիճակի չեն լուծել առկա մարտահրավերների հարցը»,- ավելացրեց նա։

Ինչ վերաբերում է փողոցային պայքարին, ապա այն, Աբրահամյանի կարծիքով, չի էլ ավարտվել։

«Մենք նախաձեռնել ենք հանդիպումներ մեր կողմնակիցների եւ քաղաքացիների հետ մարզերում եւ Երեւանում։ Ոչ ճիշտ կոմունիկացիան հանգեցրեց այն արդյունքներին, որոնք գրանցվեցին վերջին արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Աշխատանքը պետք է տանել այդ ուղղությամբ»,- ընդգծեց պատգամավորը։