Ինտերնետային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար եւ Էլեկտրոնային հաղորդակցությունների ռուսական ասոցիացիայի գլխավոր վերլուծաբան Կարեն Ղազարյանն ասել է, որ մեսենջերների եւ սոցիալական ցանցերի ստեղծողները լուրջ սխալ են թույլ տվել։ Նրա խոսքով՝ իրենք չեն հասկացել, թե ինչ ազդեցություն կունենա իրենց ստեղծածը մարդկության վրա, գրում է «ՄԿ»-ը։

Սոցիալական ցանցերի բերած բացասական հետեւանքների թվում Ղազարյանը նշել է դոֆամինից կախվածությունը եւ անհանգստությունը։ Նրա խոսքով՝ սոցցանցերի ստեղծողները չէին  կարող կանխատեսել այդ հետեւանքները։

Նրա խոսքով՝ երբ Մարկ Ցուկերբերգը ստեղծեց Facebook-ը, նա պատրաստվում էր ծառայության օգնությամբ միավորել ողջ աշխարհը եւ չէր ենթադրում, որ ցանցը կարող է վնասել մարդկանց։ Ղազարյանը կարծում է, որ սոցիալական ցանցեր ստեղծողների խնդիրն այն էր, որ մարդկության մասին ավելի լավ էին մտածում, քան այն կա իրականում։ Արդյունքում՝ սոցիալական ցանցերն ու մեսենջերները, ի թիվս այլ բաների, դարձել են մարդկանց միավորելու գործիքներ՝ սպանություններ կատարելու նպատակով։ Որպես օրինակ նա բերել է Հնդկաստանում տեղի ունեցած միջադեպը, որտեղ WhatsApp-ի միջոցով բնակիչներին տեղեկատվություն է ուղարկվել, որ մոտակա գյուղում մի կախարդ է ապրում, եւ պետք է այրել նրան:

Ղազարյանը նշել է, որ սոցիալական ցանցերից օգտվում են տարբեր մարդիկ, այդ թվում՝ ցածր մակարդակի կրթություն ունեցողները, ովքեր զուրկ են քննադատական ​​մտածողությունից։ Նրանք պարզապես չեն կարողանում տարբերել ճշմարիտ եւ կեղծ տեղեկատվությունը։Ղազարյանն այս իրավիճակից ելք  է առաջարկում՝ անհրաժեշտ է ներդրումներ կատարել բնակչության մեդիագրագիտության մեջ։