Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն կարող է իր թեկնածուին առաջադրել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

Նշենք՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարել է, որ Թաթոյանը հակահեղափոխական դիրքերից է հանդես եկել, նրա պաշտոնավարմանը մի քանի ամիս է մնացել։

Ըստ Վարդեւանյանի՝ այդ հարցը շրջանառության մեջ դրվեց իշխանական ներկայացուցիչների կողմից այն պայմաններում, երբ Արման Թաթոյանը խոսում էր ՀՀ սահմաններում հանցավոր կերպով գտնվող ադրբեջանական զինված ուժերի վերաբերյալ.

«Փոխանակ աջակցեն Մարդու իրավունքների պաշտպանին, վերահաստատեն նրա դիրքորոշումները, իշխանության ներկայացուցիչները սկսեցին քննադատել նրան, մի հատ էլ արժանահավատությունը կասկածի տակ դրեցին. սա խայտառակություն է։ Սա եւս մեկ անգամ վկայում է, որ այս իշխանությունների հայտարարությունները եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հայտարարությունները շատ հետաքրքիր կերպով մեկտեղված են։ Գիշերվանից ամբողջ ադրբեջանական մամուլը խոսում է այն մասին, որ Մարդու իրավունքների պաշտպանին քննադատեն ու հղում են անում իշխանության ներկայացուցիչներին այդ քննադատումը հիմնավորելու համար»։

Արամ Վարդեւանյանը նկատեց, որ Արման Թաթոյանն այնպիսի փաստահավաք առաքելություն է իրականացնում, որոնք օգտագործվում են որպես փաստարկներ՝ միջազգային տարբեր հարթակներում.

«Բխում են բացառապես Հայաստանի Հանրապետության շահերից։ Այլ հարց է, որ Հայաստանի Հանրապետության շահից բխող հանգամանքը կարող է այս իշխանություններին կարող են լինել ոչ հաճելի»։