Հայաստանի ոստիկանությունն առարկել է նոյեմբերի 9-ին եւ 10-ին կառավարական շենքերի ու հաստատությունների հարակից տարածքներում բողոքի երթեր թույլ տալուն:

Քաղաքապետարանին ուղղված իրավապահների առարկության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա ագրեսիվ պատերազմը աղետալի հետեւանքներ է հասցրել Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին եւ առհասարակ հայ ազգին, հետեւաբար նոյեմբեր 9-ին եւ 10-ին Երեւանում երթեր թույլ տալու դեպքում բողոքի գործողություններ կարող են տեղի ունենալ, քանի որ «քաղաքացիների շրջանում պահպանվում է հուզականության բարձր ֆոնը»։

Մինչ այդ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը Երևանի քաղաքապետարանին իրազեկման դիմում էր ներկայացրել նոյեմբերի 9-ին և 10-ին Երևանում հավաքներ և երթեր կազմակերպելու մասին: Հավաքների և երթերի նպատակն է հասարակության բողոքն արտահայտել Արցախի հարցում իշխանության վարած քաղաքականության դեմ: Քաղաքապետարանը մերժել է Դաշնակցության ներկայացրած հայտի միայն երթեր կազմակերպելու մասը: Արգելք չի դրվել այդ օրերին հանրահավաքներ կազմակերպելու հարցում։

Հատկանշական է, որ Ոստիկանությունը հստակորեն գիտակցում է հանրության իրական տրամադրվածությունը և, որ մարդիկ չեն համակերպվել կապիտուլյացիայի, իշխանության վարած քաղաքականության հետ: Այնուհանդերձ, Ոստիկանությունը գերակա է համարում պետական շենքերի և ոչ՝ հասարակության անվտանգության պահպանումը: