ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի ընթացքում աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտում հարուցվել է 286 վարչական վարույթ, որոնցից 200-ը՝ դիմումների հիման վրա: Այս մասին, այսօր՝ հոկտեմեբրի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը՝ հավելելով, որ վարույթների արդյունքում ընդունվել են 81 վարչական ակտեր, տրվել խախտումները վերացնելու կարգադրագրեր:

«Ստացված 200 դիմում-բողոքներից 197-ը վերաբերել են աշխատանքային օրենսդրության խախտումներին, իսկ 3-ն աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովմանը: 113 դիմում-բողոքները վերաբերել են օրենքով սահմանված կարգով վերջնահաշվարկ չկատարելուն, աշխատավարձերը չվճարելուն, 43-ը՝ աշխատանքային պայմանագրերի լուծման կարգը չպահպանելուն, 41-ն՝ աշխատանքային օրենսդրության այլ իրավախախտումներին է վերաբերում»,- ասաց  Իգիթ Հակոբյանը:

ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանի խոսքով, դիմումների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության խախտումները հիմնականում տեղի են ունեցել չտեղեկացվածության հետևանքով:

«Այդ իսկ պատճառով, տեսչական մարմինը խախտումները կանխարգելելու նպատակով, հասու բոլոր միջոցներով իրազեկում է և՛ աշխատողներին, և՛ գործատուներին ինչպես իրավունքների, այնպես էլ պարտականությունների մասով»,- ասաց Ալվարդ Արշակյանը:

Քաղաքացիների հետ աշխատանքը, դիմումների ընթացակարգերն առավել դյուրացնելու համար գործարկվել է employeeprotect.am հարթակ, որի միջոցով աշխատողները կարող են ներկայացնել աշխատանքային խնդիրների հետ կապված բողոքները: Դիմումատուները նշելու են, թե որ կազմակերպությունում են աշխատում, կազմակերպության գտնվելու վայրը, որ աշխատանքային իրավունքն է խախտվել, նկարագրվելու է դեպքը, հնարավորություն է տրվելու կցել լուսանկարներ, տեսագրություններ, ձայնագրություններ, այլ ապացուցողական նյութեր: Այնուհետև հայտը մուտքագրվելու է համակարգ:

Իգիթ Հակոբյանը տեղեկացրեց, որ ներկայում աշխատանքներ են տարվում, օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ են պատրաստվում, որպեսզի հնարավոր լինի քաղաքացիներից անանուն նամակների ընդունումը: Կպահպանվի անձի գաղտնիության սկզբունքը, առանց դիմումատուին որպես կողմ ներգրավելու վարչարարություն կիրականացվի: