Պենտագոնը կշարունակի աջակցել Թայվանի զինված ուժերին, ասել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ հրաժարվելով հայտնել՝ արդյոք ԱՄՆ ուժերը կպաշտպանեն կղզին Չինաստանից այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ամերիկացիները «պարտավոր են» դա անել, հաղորդում է AFP-ն:

«Մենք կշարունակենք օգնել Թայվանին այն միջոցներով, որոնք անհրաժեշտ են դրա ինքնապաշտպանության համար»,- ասել է Օսթինը ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակում: «Եվ ես Թայվանի հետ կապված որեւէ վարկած առաջ չեմ քաշի»,- ասել է նա լրագրողներին:

Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը համաձայնագիր է կնքել Թայվանի պաշտպանությանն աջակցելու վերաբերյալ: Բայդենին հարցրել են՝ արդյոք ԱՄՆ-ն կպաշտպանի Թայվանը չինական ներխուժման դեպքում: «Այո,- պատասխանել էր նա:- Մենք հանձնառու ենք դրան»:

Մեկնաբանությունն առաջացրել է Պեկինի բուռն արձագանքը։ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վան Վենբինը նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը «պետք է զգույշ գործի եւ արտահայտվի Թայվանի խնդրի վերաբերյալ»։

Օսթինն ասել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ են «մեկ Չինաստանի» պաշտոնական քաղաքականությանը: Սակայն դա չի խանգարում ԱՄՆ-ին օգնություն ցուցաբերել Թայվանին, այդ թվում՝ հզոր ռազմական տեխնիկա։

«Կարծում եմ, որ այժմ կարեւոր է նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում: Եթե ​​ես սկսեմ տրամաբանել, կարծում եմ, որ հակառակը կանեմ,- ասել է նա։- Ուստի մենք պետք է տարածաշրջանում բոլոր վեճերն ու տարաձայնությունները  լուծենք քաղաքական ու դիվանագիտական ​​միջոցներով։