Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մեկնաբանել է իր գաղտնի ժամանման մասին «Իմեդի» հեռուստաալիքի սյուժեն՝ իշխանությանը կոչ անելով հնարավորություն տալ իրեն պատմել ողջ ճշմարտությունը։ Այս մասին ասվում է Սաակաշվիլիի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Նախօրեին «Իմեդի»-ն հրապարակել էր մի տեսանյութ, որը, իբր, Սաակաշվիլին նկարել է բեռնատարի մեջ Ուկրաինայից Վրաստան ճանապարհին: Տեսանյութում քաղաքական գործիչն ասում է, որ իրեն առեւանգել են, եւ ինքը չգիտի, թե որ երկրի հատուկ ծառայություններն են կանգնած դրա հետեւում։

«Իմ ժպտացող տեսանյութերը տարբեր էկզոտիկ վայրերից տարածելու փոխարեն ես խորհուրդ կտայի իշխանություններին եւ կտրականապես կպահանջեի, որ ինձ բերեն ձեր դատարան, որպեսզի Վրաստանի ժողովուրդը եւ միջազգային հանրությունն ինձնից լսեն ողջ ճշմարտությունը։ Թե՞ դուք ամենաշատը վախենում եք ճշմարտությունից»,-ասել է Սաակաշվիլին։

Հետաքննությունը պնդում է, որ Սաակաշվիլին Ուկրաինայից Վրաստան է ժամանել սեպտեմբերի 28-ին կաթնամթերք տեղափոխող բեռնատարով։ Վրաստանի գլխավոր դատախազությունը նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրել պետական ​​սահմանն ապօրինի հատելու համար»

Սաակաշվիլիի խոսքով՝ իշխանությունները մտավախություն ունեն, որ նրա հրապարակային հայտնվելը հասարակական վրդովմունքի ալիք կառաջացնի։ Նախկին նախագահը Թբիլիսիում ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին՝ քաղաքային ընտրությունների նախորդ օրը։ Այժմ նա գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում, որտեղ հացադուլ է հայտարարել, քանի որ իրեն քաղբանտարկյալ է համարում։