Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը եւ նրա թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Թեհրանի եւ Անկարայի հարաբերությունների  վերջին զարգացումները, գրում է Mehr-ը:

Կողմերն անդրադարձել են  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային հարցերի, ինչպիսիք են Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները, Աստանայում գագաթնաժողովի անցկացումը եւ Իրանի եւ Թուրքիայի 7-րդ ռազմավարական հանդիպումը, ինչպես նաեւ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցերը:

Աբդոլլահիյանը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում հավատացյալների դեմ ահաբեկչությունների աճի կապակցությամբ եւ ասել, որ ակնկալում է, որ մուսուլմանական երկրներն ավելի ակտիվ դեր կխաղան այս խնդրի լուծման գործում։ Մեւլութ Չավուշօղլուն նշել է ահաբեկչական հարձակումները կանխելու, Աֆղանստանում կառավարություն ձեւավորելու եւ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարն ուժեղացնելու ջանքերը համախմբելու անհրաժեշտությունը։ Աբդոլլահիյանն իր հերթին հաստատել է Իրանի քաղաքականությունը՝ ուղղված հարեւան երկրների անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը աջակցելուն: Երկու երկրների արտգործնախարարներն ընդգծել են Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի կարեւորությունը տարածաշրջանային համագործակցության ամրապնդման համար։