Ես կարծում եմ, որ հասարակական խոսույթում պետք է կիրառվի բացառապես թշնամի բառը, ոչ թե հակառակորդ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» խորագրով կլոր սեղանի ժամանակ նշեց «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Հասրակական տրամադրություններում իրավիճակ փոխելու համար զգացականությունը կարող է կարեւոր դերակատարություն ունենալ եւ ունի: Մենք ըստ էության, ոչ մի խնդիր չենք կարողանալու լուծել, որովհետեւ մեզ զուգահեռ հզորանալու է նաեւ թշնամին, մանավանդ եթե հաշվի առնենք ռեսուրսների հանգամանքը: Բնականաբար, Թուրքիան եւ Ադրբեջանը տիրապետում են ավելի մեծ ռեսուրսների, բայց դրանք անսահման չեն:

Մենք պետք է հասկանանք, թե ինչ ռեսւորսներ այսօր ունի Ադրբեջանը եւ ինչպիսի ռեսուրսներ ունի Թուրքիան եւ որքանով են նրանք իրենց տարբեր գործողություններում դիմում բլեֆի: Այդտեղ որոշակի բլեֆի բաղադրիչ կա: Օրինակ բերեմ, երբ Ադրբեջանն ավելացնում է իր ռազմական ծախսերը 500 մլն դոլարով, ապա դա բացառապես ավելացում չէ, դա 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կրած հսկայական կորուստները կամ դրանց մի մասը վերականգնելու համար է: Այսինքն սատանան այնքան էլ սարսափելի չէ»,-ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի ներքին խնդիրներին, Ոսկանյանն ասաց, որ այնտեղ գերիշում է միտքը, որ երկրի ներսում առկա բոլոր խնդիրները առնչվում են Արցախի խնդրի հետ եւ Արցախի հիմնահարցի լուծումից հետո բոլոր այդ խնդիրները ինքնաբերաբար լուծվելու են, ինչը իրականություն չէ. «Օրինակ, ասվում էր, որ երբ Արցախի հարցը լուծվի, թալիշների լեզվական իրավունքների հարցը կլուծվի: Հիմա այդ հարցը լրջորեն քննարկվում է այնտեղ: Ասում են՝ եթե Ղարաբաղի հարցը լուծել ենք, ինչու մեր գոնե լեզվական ինքնավարության հարցը չի լուծվում»:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանական հասարակության մեջ տրամադրությունները շատ նման են առաջին պատերազմից հետո հայկական հասարակությունում առկա տրամադրություններին. «Այն ժամանակ միջին վիճակագրական հայաստանցին համարում էր, որ եթե մենք ազատագրել ենք հկայական տարածքներ, ապա այդ տարածքներից գոնե մեկ տակառ մեղր պետք է հասնի մեզ: Եթե չի հասնում, ուրեմն պատերազմի արդյունքները բաշխվում են անարդարացի: Նույն վիճակն է Ադրբեջանում, մարդիկ մտածում են, որ եթե Շուշին ազատագրվել է, իրենք դրանից տնտեսական օգուտ պետք է ունենան, որը չկա»,-ասաց իրանագետը:

Նա նաեւ ընդգծեց, որ պատերազմից հետո տեղի է ունեցել Ադրբեջանի ինքնիշխանության կորուստ. «Շատ հարցեր Ադրբեջանում լուծելու առումով Էրցդողանն ավելի մեծ հնարավորություններ ունի, քան Ալիեւը. «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում այսօր տեղակայված են երկու օտար պետությունների ռազմական ուժեր՝ ռուսական խաղաղապահ ուժերը եւ թուրքական ռազմակայան: Սա խնդրահարույց է: Բացի դրանից Ադրբեջանում աճել է նաեւ իրանական ազդեցությունը»:

Առավել մանրամասն տեսանյութում