Սահմանադրական դատարանն արդեն երրորդ անգամ է հետաձգել մի խումբ համայնքապետերի կողմից ներկայացված դիմումի քննությունը։ Հետաձգման հիմնավորումը լրացուցիչ նյութեր ուսումնասիրելն է։

Դիմումը ներկայացրել են Դիլիջանի նախկին համայնքապետ Արմեն Սանթրոսյանը, Թումանյանի նախկին համայնքապետ Լեւոն Զավարյանը, Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի նախկին ղեկավար Արման Ղազարյանը,  Տաշիր համայնքի գործող ղեկավար Էդգար Արշակյանը, Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը եւ Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանը։

Նրանք Սահմանադրական դատարանում վիճարկում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27–րդ հոդվածի 2.1 կետի (համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում վարչապետի կամ մարզպետի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակումը) եւ  2020 թվականի հունիսի 18-ին ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի անցումային եւ եզրափակիչ դրույթների` 34–րդ հոդվածի 2-րդ մասի 2–րդ կետի ( համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետի լրանալու դեպքում համայնքի ղեկավարի ընտրություն չի նշանակվում, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունները մինչեւ ավագանու լիազորությունների ժամկետը լրանալն իրականացնում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը) սահմանադրականությունը։

NEWS.am-ի հետ զրույցում համայնքապետերի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը ասաց.

«Ավագանու ընտրությունները երկարացրին, դրեցին կեսը հոկտեմբերի վերջ, կեսը նոյեմբերի, կեսը դեկտեմբեր, ինչի արդյունքում այդ համայնքներում համայնքների ղեկավարների ժամկետներն անցան. շարժվելով նոր օրենքով՝ այդ համայնքներում պաշտոնակատարներ նշանակվեցին վարչապետի եւ մարզպետի կողմից։ Հիմա ղեկավարները վիճարկում են այդ դրույթը, ասելով, որ դա հակասահմանադրական դրույթ է, որովհետեւ դրանով գործադիրն ուղղակիորեն մտնում է տեղական ինքնակառավարման գործերի մեջ։ Կարող էին այդ ժամանակավոր դրույթն այլ ձեւ գրել, օրինակ՝ ավագանին է ժամանակավոր ընտրում համայնքի ղեկավար, մինչեւ նոր ավագանի կընտրվի կամ եթե համայնքի ղեկավարի ղեկավարման ժամկետը լրանում է, տեղակալը թող շարունակի եւ այլն»,- նշեց նա։

Ըստ փաստաբանի՝ իշխանությունը ընտրել է ամենահակասահմանադրական տարբերակը.

«Ենթադրում եմ՝ դիտավորյալ է արվել։ Բոլոր համայնքներում նշանակեցին համայնքի իրենց սրտի ուզած ղեկավարներին։ Այդ համայնքի ղեկավարները մինչեւ ընտրությունները որոշակի վարչական լծակներ օգտագործելով կարողանային ապահովել ընտրություններում գործող իշխանության մեծամասնությունը կազմող ուժի հաղթանակը եւ զարմանալիորեն հուլիսից սկսած Սահմանադրական դատարանում մի քանի անգամ ձգձում է այդ գործի քննությունը։ Եթե Սահմանադրական դատարանն ի սկզբանե չհետաձգեր, որոշումը կայացներ հուլիսին, ասեր, որ հակասահմանադրական է դրույթները, դա նշանակում է՝ գործադիրն իր մարդկանց չէր կարողանալու նշանակել պաշտոնակատար։ Ինձ համար զարմանալի է, որ ընտրությունների ձգձգման ֆոնին ձգձվում է նաեւ Սահմանադրական դատարանի որոշում կայացնելը։ Եթե Սահամանդրական դատարանն այն ճանաչի հակասահմանադրական, դա կլինի արդեն ուշացած արդարադատություն»։

Հովհաննիսյանը նշեց, որ Սահմանադրական դատարանի այդ որոշումն արդեն որեւէ հետեւանք չի ունենալու.

«Արդեն պաշտոնակատարները, ինչ պետք էր անել, արել են, ավագանիներն արդեն ընտրված կլինեն, կընտրեն նոր համայնքապետեր, այն հակասահմանադրական կարգավորումները, որոնք կյանքի են կոչվել մինչեւ ՍԴ որոշումը, դրանից հետո էլ որ ՍԴ այն հակասահմանադրական համարի, արդեն որեւէ հետեւանք չի լինելու դրանից հետո»։