44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 27-րդ՝  հոկտեմբերի 23

ՄԱԿ գլխավոր քարտուղարը համաշխարհային խոշոր հակամարտություններում՝ Եմենից եւ Լիբիայից մինչեւ Աֆղանստան եւ Լեռնային Ղարաբաղ, հրադադարի կոչ է արել՝ նախազգուշացնելով, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն, «միակ հաղթողը կլինի համավարակը»:

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում COVID-19-ի դեպքերի թիվը կրկնապատկվել է, իսկ Ադրբեջանում այն աճել է 80 տոկոսով»,- ասել է նա: «Հայաստանը չի հաղթում, Ադրբեջանը չի հաղթում։ Հաղթում է COVID-19-ը: Մենք պետք է կանգ առնենք»,– ասել է նա եւ հույս հայտնել, որ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի առանձին հանդիպումներից հետո հրադադար կհաստատվի:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրել է, որ նախօրեին Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը։

«Իսկ կեսգիշերին ադրբեջանական զինուժի նշանակետում դարձյալ Մարտունին էր։ Հրթիռակոծության հետևանքով նյութական վնասները շատ են։ Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան»,- նշել է նա։

Razminfo կայքի խմբագիր Կարեն Վրթանեսյանն իր ՖԲ էջում գրել է.

«Արդեն մի քանի ժամ է՝ ՖԲ-ի ադրբեջանական հատվածում ողբ է։ Կուբաթլուի մոտ սպանվել է Ադրբեջանի ազգային հերոս, գնդապետ Շյուքուր Հեմիդովը։ Հերոսի կոչումը 2016-ի ապրիլյանի համար էր ստացել։ Ապրիլյան պատերազմի համար Ադրբեջանի ազգային հերոսի կոչում 3 հոգի էին ստացել. մեկը՝ հետմահու, մյուս երկուսը՝ Շյուքուրն ու 2–րդ կորպուսի հրամանատար Մայիս Բարխուդարովը։ Ինչպես գրել էր ադրբեջանցի օգտատերերից մեկը՝ «թաք [մենակ] Մայիսը մնաց»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի Երեւանն ու Բաքուն գան Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քաղաքական-դիվանագիտական խաղաղ կարգավորման։

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 30 անդամներ կներկայացնեն բանաձեւ, որը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման կոչ է անում՝ որպես Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հիմք, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։ Բանաձեւում նաեւ դատապարտվում են Հայաստանի եւ Արցախի վրա Ադրբեջանի ու Թուրքիայի շարունակվող հարձակումները։

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ-ում հանդիպել է պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։

Արցախի ՊԲ-ից  հայտնել են, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել.

«Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը»:

Արցախի ԱԻ պետական ծառայությունից հայտնել են, որ հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։ Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա.Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։ Նախնական տվյալներով թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել գրադ կանքից։ Լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում է սմերչ տեսակի հրթիռներ։ Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, դեռ հրթիռակոծվում են սմերչով։

Հայաստանի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բաքվին եւ Երեւանին կոչ է արել կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ֆրանսիայի առաջնորդը խոստացել է, որ իր երկիրը բժշկական օգնություն կտրամադրի վիրավորներին: Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը Մակրոնը մեկ անգամ եւս շեշտել էր, որ ստեղծված իրավիճակից ելքը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով:

Ելիսեյան պալատում նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մակրոնին՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ջանքերն ու դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում: Հայաստանի նախագահը խորը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ, ընդգծելով, որ Թուրքիայի՝ որպես երրորդ կողմի նման ծավալի ներգրավվածությունն ավելի է սրում իրավիճակը և վտանգում տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: Նախագահները համակարծիք են եղել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և կարևորել են հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:

Human Rights Watch միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ  Ադրբեջանը բազմիցս արգելված կասետային զինամթերք է օգտագործել Լեռնային Ղարաբաղի բնակելի շրջաններում։ 2020 թվականի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում  կատարած հետաքննությունից հետո HRW-ը վավերացրել է Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի կիրառման 4 դեպք։ «Հատկապես խիտ բնակեցված շրջաններում կասետային զինամթերքի շարունակվող կիրառումը ցուցադրում է խաղաղ բնակիչների անվտանգության աղաղակող քամահրանքը,- ասել է Human Rights Watch-ի սպառազինությունների բաժնի տնօրեն եւ Կասետային զինամթերքի հարցերով կոալիցիայի նախագահ Սթիվեն Գուզը։

Արցախի պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ  ներկայացվում է, թե ինչպես են հայկական ուժերը ոնչացնում թշնամու զինտեխնիկան:

Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված եւս 27 զինծառայողի անուն:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ։ Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր»:

Ուրեմն՝ որոշ տեղերում էլ հետ չեն շպրտո՞ւմ։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում առաջնագծում կռվող զինվորների լուսանկարներ է հրապարակել և կից գրել.

«Նրանք լույսը խավարից զատում են զենքով, կամքով, կյանքով»:

Ստրասբուրգում տեղի հայերը բողոքի բազմամարդ ակցիա են իրականացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքի մոտ: Ակցիան սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ ընկած հերոսների, որին հաջորդել են ծափահարություններ առաջնագծում կանգնած տղաների պատվին:

Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ալիեւ, Էրդողան, տեռորիստ», «Հայաստան»,  «Արցախ», պաստառների վրա՝ գրվել. «Ձեր լռությունը հանցագործություն է», «Արցախը Հայաստան է», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Ճանաչեք Արցախը»:

Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել առաջնագծում հերոսաբար կռվող զինծառայողների մասին.

«Փոխգնդապետ Արայիկ Արտյուշայի Ավագիմյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված խիզախ հայորդիներից է: Պետական բարձր պարգևը կստանա յուրային հրետանու հմուտ և կազմակերպված գործողությունների,  ճշգրիտ հաշվարկների համար, որոնց արդյունքում թշնամական ուժերին պատճառվել են զգալի կորուստներ, կասեցվել են վերջինիս առաջխաղացման փորձերը: Նույն կարգի պետական պարգևներով կխրախուսվեն սերժանտ Գարիկ Կարենի Համամյանը՝ թշնամական 2 տանկ խոցելու, սերժանտ Հայկ Արկադիի Ամիրջանյանը, շարքային Էդուարդ Արմենի Սարգսյանը, լեյտենանտ Տիգրան Հարությունի Կարապետյանը, սերժանտ Արմեն Յուրիի Ավետիսյանը՝ թշնամական երկուական տանկ խոցելու, և ավագ լեյտենանտ Լևոն Ռոբերտի Ալթունյանը՝ հակառակորդի 3 տանկ ոչնչացնելու համար: Փառք մեր քաջարի զինվորականներին»:

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, թե քանի դեռ հակամարտությունը շարունակվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում եւ Հայաստան չի տեղափոխվել, ՀԱՊԿ-ի ներգրավվածության մասին խոսելը կոռեկտ չէ:

«Հայաստանից ոչ մի խնդրանք չի եղել, ոչ էլ պաշտոնական հայց է եղել: ՀԱՊԿ-ն օգնում է իր անդամ երկրներին որոշակի իրավիճակներում, երբ հստակ ագրեսիա կա: Դեռ խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը հենց հայերի կողմից իրենց տարածքի մաս չի ճանաչվել եւ, հավանաբար, չի կարող ճանաչվել, ՀԱՊԿ պաշտպանական ներուժի օգտագործման մասին խոսելը կոռեկտ չէ»,- լրագրողներին ասել է Պանկինը:

Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, կա 80 զոհ: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տվյալով՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 206 անօդաչու թռչող սարք, 588 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6539 զոհ։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ բանաձեւում հրապարակված տվյալներով՝ պատերազմից հայկական կորուստները կազմել են 3900, ադրբեջանական կողմինը՝ 2900 մարդ։ Հնարավոր է, որ Բաքուն նվազեցրել է իր զոհերի թիվը, բնականաբար, հաշվառված չեն վարձկան ահաբեկիչները եւ թուրք զինվորականները։ ՊԲ զոհված զինծառայողների եւ հակառակորդի կորուստների ներկայացվող վիճակագրությամբ հանրությունը տպավորություն էր ստանում, որ Ադրբեջանի կորուստները մի քանի անգամ ավելի են։ 

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դարձյալ հայտարարել է, որ Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու եւ հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն տեղափոխելու համար:  Նա հիշեցրել է, որ Վլադիմիր Պուտինը ամենօրյա շփման մեջ է եւ՛ Ալիեւի, եւ՛ Փաշինյանի հետ:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերթական գրառումն է արել Ֆեյսբուքում.

«Հարգելի քաղաքացիներ, տարատեսակ օգնությունների կազմակերպումը իրականացրեք համակարգված։ Խնդրում եմ աշխատել ՀՀ ԱԻՆ-ի  և պատկան այլ մարմինների հետ։ Որևէ մարդու, նաև իմ անունից որևէ բան մի իրականացրեք։ Նախ մեր ջանքերը մեկտեղելը ավելի արդյունավետ է, հետո որոշ մարդիկ օգտագործում են մեր անունը»:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հանդիպել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանին: Կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող սրման համատեքստում: «Ընդգծվել է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից ապօրինի զինված կազմավորումների զինյալների` տարածաշրջան տեղափոխման անընդունելիությունը եւ այնտեղից նրանց անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը»,- նշվել է հաղորդագրության մեջ:

«Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը  ասուլիսում հայտարարել է.

«Դիմում եմ մեր հայրենակիցներին, որ խուճապի չմատնվեն, այստեղ տարբեր մարդիկ տարբեր լուրեր են տարածում, կարծես՝ հատուկ մարդկանց խուճապի մեջ գցելու համար։ Սիրելի հայրենակիցներ, մի վհատվեք, մենք կանգնած ենք ամուր մեր լեռների պես, իսկ նրանք կոռնան ու կկորչեն շակալների պես։ Երբ հայրենիքը վտանգի մեջ է, ապա բնավ կարեւոր չէ՝ կինն է պաշտպանո՞ւմ, թե՞ տղամարդը։ Դիմում եմ մեր հայրենակիցներին՝ ով ի վիճակի է զենք վերցնելու, անկախ տարիքից եւ սեռից, պատրավոր է յուրաքանչյուրը գալ, վերցնել զենքն ու պահել իր հայրենիքը։ Մենք Արցախում այդքան երիտասարդ արյուն ենք հեղել, մենք չենք կարող թողնել, որ այդ երեխաների նահատակվելն իզուր անցնի, չէ՞ որ նրանց այդ հողի համար պայքարում էին։ Մենք ինչպե՞ս ենք Եռաբլուր գնալու, ի՞նչ պատասխան ենք տալու»։

Իրանցի բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեկարչին հայտարարել է, որ իրանական զորքերն ուժեղացրել են իրենց սահմանային պաշտպանությունը` Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:

«Ադրբեջանի եւ Հայաստանի բախումների եւ միջազգային իրավունքի եւ բարիդրացիության սկզբունքների չպահպանման արդյունքում... Իրանի զինված ուժերը, ամրապնդելով իրենց պաշտպանական սահմանները, հայտարարում են, որ երկրի սահմանային շրջանների եւ այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունը մեր կարմիր գիծն է»,- նշել է նա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարծում է, թե Անկարան եւ Մոսկվան ԼՂ հարցով խաղաղ գործընթացին մասնակցելու իբր նույն իրավունքներն ունեն:

«Ռուսաստանը որեւէ պահանջ չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին Անկարայի մասնակցության նկատմամբ: Անձամբ ես այդ հարցով որեւէ բացասական արձագանք չեմ ստացել Ռուսաստանի պաշտոնական անձանց կողմից»,- ասել է Էրդողանը: Ըստ նրա՝ Թուրքիան իբր շահագրգռված է աշխարհում եւ տարածաշրջանում հակասությունների լուծմամբ ոչ պակաս, քան Ռուսաստանը

ՀՀ ՄԻՊ-ը գրել է, որ Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ.

«Ադրբեջանական լրատամիջոցների ու սոցիալական մեդիայի ուսումնասիրությունները, հավաքագրած ապացույցները ցույց են տալիս, որ ատելությունը համատարած է և ունի բարձր խրախուսում, այդ թվում՝ իրականացվում է Ադրբեջանում հայտնված հայերի լուսանկարներ ու տեսանյութեր տարածելու միջոցով»։

ՀՀ ԱԳՆ մանրամասներ է հայտնել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ու պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հանդիպումից։ Նախարար Մնացականյանն ասել է, որ Ադրբեջանը սանձազերծել է լայնածավալ պատերազմ Արցախի դեմ, որն ուղեկցվում է Արցախի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների` իրենց ծավալով և էությամբ պատերազմական հանցագործություններ հանդիսացող դիտավորյալ թիրախավորմամբ և միտված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը։ Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է ադրբեջանական ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության հանգամանքը, որը արտահայտվում է թե' անմիջական ռազմական մասնակցությամբ և թե՛ Մերձավոր Արևելքից Ադրբեջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ, և լուրջ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար։ Երկուստեք ընդգծվեց ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների անհապաղ կյանքի կոչման անհրաժեշտությունը: ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հոկտեմբերի 10-ի և 17-ի համաձայնություններին և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատմանը։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրել է, որ հայ ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության հստակ ցուցիչն է։

«Չէ պատերազմը թեթև չէ, խաղ ու պար չէ, բայց թշնամին էլ հաստատ փայլուն արդյունքներ չունի»,- հավելել է նա:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ռուսաստանի հետ Արցախի դարավոր առնչությունների մասին պատմական ծավալուն անդրադարձից հետո, Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր փուլերում ՌԴ-ն իրացրել է միջազգային իրավունքով սահմանված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքի օգտին ունեցած գործելակերպը: Նա հիշեցրել է «Վալդայ» ակումբում Պուտինի խոսքերը, որ հակամարտությունը սկսվեց ոչ թե որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այն սկսվեց էթնիկ դիմակայությունից. «Ցավոք, սա փաստ է. Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ էին իրագործվել: Եվ այս ամենը մենք պետք է հանրագումարում հաշվի առնենք», ասել էր Պուտինը:

«Դժբախտաբար, այս ցեղասպան քաղաքականությունն Ադրբեջանը շարունակում է առ այսօր:

Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, որն ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը, խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ», գրել է Արցախի նախագահը:

Մամուլը գրեց, որ Ա.Հարությունյանի բաց նամակը «սառը ջուր լցրեց հանրությանը ռազմահայրենասիրական լոլոներով կերակրող շրջանակների վրա եւ հասկացրեց, որ իրականություն վերադառնալու ժամանակն է»։

Միջազգային մամուլը գրում էր, որ Թուրքիայի փոքր հայ համայնքը ճնշման տակ է Ղարաբաղյան հակամարտությունում Անկարայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության կապակցությամբ: Ըստ AFP-ի՝ Ստամբուլի հայկական թաղամասերում բախումների սկսվելուց հետո Ադրբեջանի դրոշներով ավտոերթ տեղի ունեցավ, իսկ որոշ պաշտոնական հայկական կայքեր արգելափակվել են:  Ստամբուլի 60 հազարանոց հայ համայնքը ատելության խոսքի թիրախում է հայտնվել: «Հեռուստատեսությամբ ատելության խոսք է տարածվում, ես անհանգստացած եմ հայերին որպես թշնամի ներկայացնելու կապակցությամբ,  պետությունը, բյուրոկրատիան եւ լրատվամիջոցները մարգինալացման, թշնամանքի տարածման են ձգտում, եւ ես ինձ պատանդ եմ զգում», AFP-ին ասել է Ստամբուլում բնակվող հայազգի Սիլվա Օզյորլին։

«Անկեղծ ասած` մենք խորտակվում ենք: Աստիճանաբար, օրեցօր, ժամ առ ժամ մենք խորտակվում ենք: Մենք խորտակվում ենք ձեր ատելության մեջ»,- ասել է 2007 թվականին թուրք ազգայնականի կողմից սպանված Հրանտ Դինքի դուստրը:

Արցախի ԱԻ պետական ծառայությունը հայտնել է, որ կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։ Ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։

Քիչ անց Արցախի ԱԻՊԾ-ն հայտնեց, որ թշնամին ռմբակոծում է Մարտակերտը. քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա։

The National Interest-ը  գրեց, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երեսուներկուամյա պայքարի վերսկսումը մասամբ պայմանավորված է Թուրքիայի տարածաշրջանային հավակնություններով: 

«Թուրքիան եւ Հայաստանը հակամարտությունների երկար պատմություն ունեն: Լարվածությունն առաջացել էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ հայերը սպանվեցին եւ վտարվեցին Թուրքիայից Օսմանյան կայսրության անկման ժամանակ, որն այժմ շատերի կողմից որպես Հայոց ցեղասպանություն է ճանաչվել: Թուրքիան վարձկաններ, քարոզչություն, ռազմական օգնություն եւ զենքի արտահանում է օգտագործել` Ադրբեջանին Հայաստանի հետ պատերազմի դրդելու համար: Անկարայի ռազմական արտահանումն Ադրբեջան վերջին տարվա ընթացքում կտրուկ աճել է: Արտահանման տվյալների համաձայն` ԼՂՀ-ում լարվածության աճից մեկ ամիս առաջ անօդաչու թռչող սարքերի, զինամթերքի եւ այլ զենքերի վաճառքը հասել էր ավելի քան 76 միլիոն դոլարի: Բացի այդ, 2020-ի սկզբին Ադրբեջանը Թուրքիայից 123 միլիոն դոլարի այլ ռազմական եւ ավիացիոն սարքավորումներ է գնել: Անկարան եւ Բաքուն համատեղ զորավարժություններ են անցկացրել նաեւ այս տարվա հուլիսի 29-ից օգոստոսի 5-ը: Ակնհայտ է, որ երկու երկրների միջեւ սերտ ռազմական համագործակցություն կա:

Զենքի արտահանման ավելացումից բացի, Լեռնային Ղարաբաղում հակամարտության բռնկումից առաջ Թուրքիան իր պետական լրատվամիջոցներով կեղծ լուրեր էր տարածում Հայաստանի կողմից «սպառնալիքների» մասին: Ավելանում են ապացույցներն առ այն, որ Թուրքիան Սիրիայից մարտիկների է օգտագործում պատերազմներ տանելու համար: Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը խոստացավ անհրաժեշտության դեպքում լիարժեք ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին: Օքտայը նաեւ քննադատեց Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը զսպելու միջազգային ջանքերը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարությամբ հանդես եկավ, որում ընդգծվում է Անկարայի չարամիտ ներգրավվածությունը հակամարտության մեջ: Նա նշել է, որ Թուրքիայի աջակցությամբ գրոհայինները «ռեսուրսներ են տրամադրում Ադրբեջանին` ավելացնելով ռիսկերը եւ մեծացնելով կրակային ուժը»:

Քանի դեռ բռնությունը շարունակվում է, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները մշուշոտ են: Քանի դեռ Թուրքիան շարունակում է իր չարամիտ մասնակցությունը հակամարտության մեջ, հրադադարը հնարավոր չէ պահպանվել, իսկ զոհերի թիվը միայն կավելանա»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի և Գերմանիայի տեղական մարմինների նախաձեռնությամբ և տեղի հայ համայնքների ջանքերով Հայաստան ժամանեց հերթական մեծաքանակ հումանիտար օգնությունը: 25 տոննա մարդասիրական բեռի մեծ մասը կազմում են դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները:

Ավելի վաղ Armenia Fund Inc-ի ջանքերով  հումանիտար օգնության երկու չվերթ է իրականացվել՝ ԱՄՆ–ից Հայաստան բերելով ավեի քան 150 տոննա մարդասիրական օգնություն։

Միաժամանակ շարունակվում է դրամահավաքը. Այդ օրվա դրությամբ հանգանակվել է ավելի քան 140 մլն դոլար։

Հիշեցնենք, որ վերջնարդյունքում հանգանակվել էր 175 միլիոն դոլար, որից 100 մլն-ը փոխանցվել էր պետբյուջե, որոշ միջոցների (7 մլն դոլար) ծախսերի անարդյունավետության վերաբերյալ մամուլում ահազանգեր հնչեցին, որոնց շուրջ պաշտոնական բավարար պարզաբանումներ չեղան։ 

Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի  եւ  ԱՄՆ պետքատրուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը:

Վաշինգտոնում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, այցելել է առաջնագծում վիրավորում ստացած զինվորներին։

«Այցելեցի առաջնագծում վիրավորված մեր հերոսներին եւ շնորհակալություն հայտնեցի հայրենիքի պաշտպանության անձնվեր գործի համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա եւ տեսանյութ հրապարակել։

Կատալոնիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքական հարձակումը։

«Կատալոնիայի խորհրդարանը մերժում է տարածաշրջանում բռնության կիրառումը։ Միաժամանակ խորհրդարանը դատապարտում է խաղաղ բնակչության վրա հարձակումներն ու ռմբակոծությունները, որոնց ընթացքում Ադրբեջանի զինված ուժերն օգտագործում են միջազգային կոնվենցիայով արգելված զինատեսակներ՝ կասետային հրթիռներ։ Կատալոնիայի խորհրդարանը կոչ է անում վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցություններին եւ իր աջակցությունը հայտնում խնդրի խաղաղ լուծմանը՝ Արցախի քաղաքացիների կամարտահայտության հիման վրա», նշված է հայտարարությունում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտեմբերգը տեսակոնֆերանսի ժամանակ խուսափել է պատասխանել հարցին՝ թույլատրելի՞ է արդյոք միության անդամ երկրի՝ Թուրքիայի համար Սիրիայից ահաբեկիչ իսլամիստներ տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, ինչպես հայտարարել է, մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Մենք խորապես մտահոգված ենք Ղարաբաղում հակամարտությամբ, հատկապես խաղաղ բնակչության շրջանում զոհերի փաստով: Մենք բոլոր կողմերին հստակ ուղերձ ենք հղում. ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն», ասել է նա:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրեց.

«Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել: Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որին այս պահին վիրահատում են հայ ռազմաբժիշկները»։

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի քննարկման առանցքում էր Արցախում՝ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը: Նախարար Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրել է Ադրբեջանի ԶՈւ կողմից մարտական գործողությունների ընթացքում իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին, որոնք դրսեւորվում են Արցախի քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, քաղաքացիական բնակչության եւ ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքով, գլխատումներով եւ սպանությամբ:

Պետքարտուղար Պոմպեոն ամերիկյան կողմի ցավակցությունն է հայտնել զոհերի կապակցությամբ:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը ընդգծել է նաեւ, որ ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ, որն արտահայտվում է անմիջական ռազմատեխնիկական աջակցությամբ՝ վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ: 

Երկուստեք վերահաստատվել է հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին, սակայն, ըստ ամերիկյան լրատվամիջոցների,  չի հայտնել՝ խոսել է արդյոք նա երկրների առաջնորդների հետ:

«Տեսնենք՝ ինչ տեղի կունենա: Կարծում եմ, որ կա իրականում լավ առաջընթաց: Այո, մենք բանակցություններ ենք վարում այդ հարցի շուրջ: Մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի հետ: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք նրանց հետ: Նրանք շատ լավ մարդիկ էն»,- նշել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է, որ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ:

Արծրուն Հովհաննիսյանի հերթական գառումը.

«Ալիեւի «փառավորներ», որ զրահատեխնիկան թողել ու փախել եք, ձորերի մեջ ձեր անփառունակ մահն եք գտնելու»։

Առանց մեկնաբանության։

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի գրառումը.

«Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ թշնամու կողմից հրթիռակոծվեց. Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի: Մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու»։

Առանց մեկնաբանության։

ԱՄՆ արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրթագուսը հայտնել է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Ըստ նրա՝ Պոմպեոն ընդգծել է բռնությանը վերջ տալու եւ խաղաղ բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտությունը: Քարտուղարը նաեւ ընդգծել է համանախագահների հովանու ներքո կողմերի միջեւ բանակցությունները սկսելու կարեւորությունը հակամարտությունը կարգավորելու համար Հելսինկյան եզրափակիչ ակտի՝ ուժ չգործադրելու կամ ուժի սպառնալիք չկիրառելու, տարածքային ամբողջության եւ իրավահավասարության, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա:

Արցախի ԱՕՊԾ-ն հայտնել է, որ Ստեփանակերտի հրթիռակոծության հետեւանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել շենքեր, վնասվել՝ թաղամասը սնուցող գազատարը։

Երեկոյան ճեպազրույցում Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ առաջնագծում զորքերը ոչնչի կարիք չունեն:

«Նյութական օգնություն ցուցաբերել ցանկացողները կարող են դիմել ՀՀ ԱԻ նախարարություն, որը համակարգում է այդ աշխատանքը: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են ֆինանսական օգնություն ցուցաբերել, կարող են միջոցները փոխանցել «Հայաստան» հիմնադրամի կամ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հաշվին»,- նշել է նա:

Արծրուն Հովհաննիսյանը նաեւ ասել է, որ շփման գծում կրակի ինտենսիվությունը նվազել է: Ըստ նրա՝ կողմերը կորուստներ են կրում, այդ պատճառով կրակի խտությունը եւս չի կարող նույնը լինել, ինչ պատերազմի առաջին օրերին:

Արծրուն Հովհաննիսյանը խոստացել է հաջորդ օրվանից առաջնագծից տեղեկություն տրամադրել քարտեզների կիրառմամբ:

«Այնուամենայնիվ, դա հնարավորություն չի տա ամբողջությամբ ներկայացնել իրավիճակը, քանի որ տվյալ պահին օջախային մարտեր են ընթանում: Ինչ վերաբերում է քարտեզներին, որոնք հրապարակում են ուկրաինացի բլոգերները, ապա դրանց մասին հայտնի է, սակայն դրանք չեն արտացոլում իրադրությունը»,- նշել է նա:

Արծրուն Հովհաննիսյանի պատմելով, առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով:

«Բացի ռազմաճակատում տիրող մարտական գործողություններից՝ նաեւ օրվա ընթացքում հրթիռակոծվել են Արցախի տարբեր բնակավայրեր, այդ թվում՝ Մարտակերտ քաղաքը՝ հարակից բնակավայրերով, եւ Բերձոր քաղաքը՝ հարակից բնակավայրերով: Երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջան։

Օրվա ընթացքում հատկապես թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող Շեխեր, Ջիվանիկ եւ հարակից գյուղերում դիվերսիոն ներթափանցման գործողություններ իրականացրած ադրբեջանական հրոսակախմբերի եւ դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները:

Այս ուղղությամբ կոնկրետ կան հստակ հաջողություններ, մասնավորապես` գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրն իր հարակից անտառներով, որոշ տեղերում, որոշ բնակավայրերի հարակից անտառներում դեռ չեզոքացման աշխատանքները շարունակվում են:

Հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրը ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, հարձակման մի քանի փորձեր տապալվել են, որից հետո, զգալի կորուստներ կրելով, հետ են շպրտվել: Որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են, կորցնելով զրահատեխնիկան՝ դիմել են փախուստի եւ փորձել են պատսպարվել մոտակա ձորակներում եւ անտառներում»:  

Կասկածելի լավատեսությամբ Ա.Հովհաննիսյանը շարունակում էր խոսել հակառակորդի «հրոսակախմբերի եւ դիվերսիոն խմբերի չեզոքացման», «ստորաբաժանումների կազմալուծման», թշնամու «զգալի կորուստների մասին»։

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելը եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ կոչ անելով արտաքին կողմերին զերծ մնալ վտանգավոր գործողություններից:

«Նրանք կոչ են արել կողմերին անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Նրանց կոչ են անում բոլոր անձանց, ներառյալ՝ արտաքին կողմերին, զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են մեծացնել ռիսկը տարածաշրջանում»,- նշված է ԵՄ հայտարարության մեջ:

Չնշելով՝ ում, բայց արտաքին կողմ ասելով՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն նկատի ունեին Թուրքիային, որը, ինչպես հոկտեմբերի 2-ին հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղափոխել էր ավելի քան 300 իսլամիստ Սիրիայից դեպի Ղարաբաղում հակամարտության գոտի: Այնուհետեւ Բրյուսելը կոչ էր արել Անկարային չմիջամտել հակամարտությանն ու նպաստել դրա խաղաղ կարգավորմանը:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ Ադրբեջանի ծանր հարվածի հետեւանքներից։

Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է հայկական զորքը ոչնչացնում թշնամական ուժերը։