ԱՄՆ մի շարք գերատեսչություններ սկսել են հետաքննել նախագահ Ջո Բայդենի կողմից Աֆղանստանից զորքերի դուրսբերումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը։

Թերթի տվյալներով՝ ստուգումներ կանցկացնեն Պենտագոնի գլխավոր տեսուչները, ԱՄՆ Պետդեպարտամենտը, ներքին անվտանգության նախարարությունը, առողջապահության ու սոցիալական ծառայությունների նախարարությունը, միջազգային զարգացման հարցերով գործակալությունները։

Նրանք նաեւ կհետաքննեն Աֆղանստանից ԱՄՆ դիվանագիտական անձնակազմի դուրսբերումը, դեսպանատների փակումը, ինչպես նաեւ աֆղանստանցի փախստականների արտակարգ տարհանումը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր զորքերի դուրսբերման մասին ապրիլի 14-ին։ Աֆղանստանում արտասահմանյան ռազմական արշավն ամենաերկարատւն էր ԱՄՆ պատմության մեջ։ Այդ պատերազմն ԱՄՆ-ն սկսել էր 2001 թվականի հոկտեմբերին։ Օպերացիայի գագաթնակետին՝ 2010-2013 թվականներին, Աֆղանստանում կար արեւմտյան ուժերի 150 000 զինծառայող։