Ալեք Բոլդուինի մասնակցությամբ ֆիլմի ռեժիսորի օգնականը մինչեւ միջադեպը, որի ժամանակ զոհվել է ֆիլմի օպերատորը, դերասանին հավաստիացրել է, որ հրացանը լիցքավորված չէ մարտական փամփուշտներով։ Այս մասին  հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով դատարանի փաստաթղթերին։

Այդպիսով, քննիչները նշում են, որ ո՛չ ռեժիսորի օգնականը, ո՛չ Բոլդուինը չեն իմացել, որ հրացանը լիցքավորված է։

Ընդ  որում, գործակալությունը նշում է, որ հրացանը նկարահանումների համար պատրաստել է զենքի մասնագետը, որի հետ գործակալության լրագրողներին չի հաջողվել կապ հաստատել։

Միջադեպը տեղի է ունեցել հիգնշաբթի օրը Նյու Մեքսիկոյում «Ժանգ» (Rust) ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Զոհվել է 42-ամյա օպերատոր Գալինա Հաթչինսը, 48-ամյա ռեժիսոր Ջոել Սոուզան վիրավորվել է։ 

Բոլդուինը հայտարարել է, որ համագործակցում է ոստիկանների հետ՝ պարզելու միջադեպի բոլոր հանգամանքները։ Միջադեպի հետ կապված մեղադրանքներ դեռ չեն առաջադրվել։