ԱՄՆ իշխանությունները մտադիր են դեկտեմբերի 15-ին նոր տվյալներ հրապարակել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանության մասին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ Կոնգրեսը 1992 թվականին հայտարարել է, որ բոլոր տվյալները, որոնք կապ ունեն Քենեդու սպանության հետ, «պետք է աստիճանաբար բացահայտվեն», եթե վնաս չեն հասցնում պաշտպանությանը, հետախուզությանը, իրավապահ մարմիններին կամ երկրի արտաքին քաղաքականությանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ գերատեսչությունները կարող են կողմ հանդես գալ, որպեսզի Քենեդու սպանության մասին տվյալների մի մասը չհրապարակվի նաեւ 2022 թվականի դեկտեմբերից հետո։ Ակնկալվում է, որ ԱՄՆ արխիվների վարչությունը եւս բաց հասանելիությամբ թվային բազայի ստեղծման ծրագրեր է մշակում։