Սննդամթերքի եւ դեղորայքի վարչության մասնագետները կարծում են, որ 5-ից մինչեւ 11 տարեկան երեխաների համար կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech  կոնսորցիումի պատվաստանյութի կիրառումը, ամենայն հավանականությամբ, նպատակահարմար կլինի որոշ դեպքերում։ Այս մասին ասվում է նյութերում, որոնք հրապարակվել են ԱՄՆ Առողջապահության եւ սոցիալական ծառայության կարգավորիչ մարմնի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ամերիկյան Pfizer-ը եւ գերմանական BioNTech-ն ավելի վաղ տեղեկատվություն են տրամադրել այս դեղամիջոցի վերաբերյալ: Երկրում դրա զանգվածային օգտագործման հնարավորության հարցը հոկտեմբերի 26-ին պետք է քննարկի կարգավորող մարմնի համապատասխան հանձնաժողովը։ Հրապարակված նյութերում նշվում է, որ պատվաստանյութի օգտագործումը հազվադեպ դեպքերում կարող է ունենալ սրտի աշխատանքի հետ կապված կողմնակի բարդություններ:

Միեւնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ այն դեպքերում, երբ խոսքը կորոնավիրուսի համատարած տարածման մասին է, դեղամիջոցի օգտագործման օգուտը գերազանցում է հնարավոր վնասը։ Ո՛չ ղեկավարությունը, ո՛չ դրա համապատասխան հանձնաժողովը այս փուլում դեռեւս պաշտոնական առաջարկություն չեն արել երեխաների համար Pfizer եւ BioNTech պատվաստանյութերի օգտագործման վերաբերյալ: Ամերիկյան The New York Times-ի, The Washington Post-ի եւ The Wall Street Journal-ի գնահատականների համաձայն՝ գերատեսչության փորձագետների այս նախնական բացահայտումները ցույց են տալիս, որ երեխաների համար նշված պատվաստանյութը, ամենայն հավանականությամբ, վերջում կստանա  հավանություն: