Արարատ քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել 66-ամյա Ասլան Ավետիսյանը, ում տարիներ առաջ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից մեղադրում էր աշխատողին ծեծելու եւ  նվաստացնելու մեջ, որից հետո այդ աշխատակցին գտել էին ծառից կախված:

Այս մասին NEWS.am-ին հայտնեց տարիներ առաջ  ծառից կախված հայտնաբերված Գյանջիրով Հովհանյանի  դուստրը` Գայանե Հովհանյանը:

«Այս մարդը հանցագործ է, նա հայտնի է Մարտի 1-ի գործով որպես Նիկոլի թիմակից, դատապարտվել է եւ պատիժը կրել է,  և տարիներ հետո Նիկոլի գալու պես արդարացվեց: Դրան հաջորդեց այն, որ ըստ ոստիկանության` նույնն Ասլանը` տարիներ առաջ Վեդու կամրջի վրա կրակել է ոստիկանության աշխատակցի վրա և մի գիշերում փակել գործը իր համար որդեգրած արհեստավարժությամբ:

Որից հետո հաջորդել է իմ հոր Գյանջիրով Հովհանյանի սպանությունը` որի մասով դեռ բողոքներ կան և դատաքննության փուլում է և Արտաշատի նստավայրում և Երևան քաղաքի Կենտրոնի նստավայրում: Խոսակցություններ կան որ այս գործը  նույնպես կկարգավորվի և Նիկոլը ուղիղ կապի մեջ է ԲԴԽ-ի նախագահ Գագիկ Ջանգիրյանի հետ»,- ասաց Գայանեն:

Մահացածի դուստրը Գայանեն հիշեցրեց, որ տարիներ առաջ, երբ Փաշինյանը դեռ ընդդիմադիր էր, ա ԱԺ ամբիոից խոսել է այս գործի մասին եւ մատնացույց արել իրավապահների անգործությունը այս գործով, իսկ այսօր դեռ գործը չբացահայտված գործի հետ ուղիղ կապ ունեցող անձաց իր թիմի մեջ է ներառել եւ բարձր պաշտոնների է նշանակում:

 «Հասարակության համար վտանգ ներկայացնողին նշանակում են քաղաքապետի պաշտոնակատար»,- հավելեց նա:

Նշենք, որ 8 տարի առաջ ծառից կախված հայտնաբերված Արարատ քաղաքի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի գործով մինչ այժմ դատաքննություն է ընթանում:  Չնայած որ Արարատի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանին ծառից պարանով կախված են հայտնաբերել, դուստրը`Գայանեն, վստահ է՝ կատարվածը սպանություն է: Գյանջիրով Հովհանյանին ինքնասպանության  հասցնելու մեղադրանք  է առաջադրվել Ասլան Ավետիսյանի որդուն` Նարեկ Ավետիսյանին:Մյուս որդին` Հովհաննես Ավետիսյանը գործով կարգավիճակ չունի: