ՆԱՍԱ-ն ընտրել է նոր տիեզերական աստղադիտակի նախագիծ, որը կիրականացվի Small Explorers ծրագրի շրջանակներում, որն իր հերթին Astrophysics Explorers ծրագրի մաս է կազմում, գրում է universemagazine.com-ը։

Կազմակերպությունը նախագծի իրականացման համար ընտրում է փոքր գների միջակայքի սարքեր, որոնք նախատեսված են մասնագիտացված տարբեր գիտական խնդիրներ լուծելու համար՝ սկսած սեւ խոռոչների ուսումնասիրությունից մինչեւ արեւային քամու փոխազդեցությունը միջաստղային տարածության հետ:

Ծրագրերի ընտրության նոր փուլը մեկնարկել է 2019թ.։ Այն ներառում էր 18 նախագիծ։ Արդյունքում ՆԱՍԱ-ի փորձագետները նախապատվությունը տվել են COSI (Compton Spectrometer and Imager) գամմա-աստղադիտակին, որը նախատեսված է աստղերի կյանքի ցիկլը եւ Ծիր Կաթինում քիմիական տարրերի ձեւավորման պատմությունը ուսումնասիրելու համար: Նաեւ սարքը կփորձի պատասխան գտնել պոզիտրոնների ծագման աղբյուրի վերաբերյալ հարցին։ Պոզիտրոնները էլեկտրոնի հակամասնիկներ են, որոնք նույն զանգվածն ունեն, բայց դրական լիցքով են:

COSI նախագծի ընդհանուր բյուջեն գնահատվում է 145 միլիոն դոլար՝ չհաշված մեկնարկային ծախսերը: Սարքի գործարկումը նախատեսված է 2025 թվականին։