Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում կարող է կայանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։

Ենթադրաբար, կողմերը եռակողմ հայտարարություն կստորագրեն։ Այս մասին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Աղբյուրը հայտնել է, որ «նման հանդիպում է սպասվում նոյեմբերի 8-9-ին», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Աղբյուրի խոսքով՝ հանդիպմանն ակնկալվում է եռակողմ հայտարարության ստորագրում։ Փաստաթուղթը կվերաբերի «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացին»։

«Այդ գործընթացը բարդ է, եւ կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ կորոշեն «ճանապարհային քարտեզը»՝ տվյալ խնդրի լուծում գտնելու համար։ Ինչպես նաեւ ակնկալվում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հայտարարություն։ Այդ կետը նշված է  նաեւ անցած տարի նոյեմբերին երեք առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության մեջ»,-հստակեցրել է աղբյուրը։ 

Հիշեցնենք, որ վերջին անգամ նման ձեւաչափով հանդիպում է կայացել Մոսկվայում 2021 թվականի հունվարին։