44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 29-րդ՝ հոկտեմբերի 25

Գիշերը «Զինուժմեդիան» տեսանյութ է ներկայացրել առաջնագծից. ռեպորտաժի հերոսը ավագ լեյտենանտ, հրետանավոր Վարդան Վարդանյանն է, որը պատերազմի առաջին իսկ օրերից Ջրականի մատույցներում իր հաշվարկի զինվորների հետ կատաղի պայքար է մղել, թշնամու գերհզոր տեխնիկա է ոչնչացրել: Վարդանը պատմում է, որ շատ խնդիրներ են կարողացել լուծել` կրակելով թշնամու տանկերի, հետեւակի վրա:

«Հրաման իջեցրեցին, որ հակառակորդի ТОС է դուրս եկել կրակագիծ, արդեն պատրաստվում է կրակ վարել, էն որ ինչ խնդիր ունենք, թողնում ենք ու սկսեցինք ТОС-ի վրա հաշվարկ անել, կրակեցինք ու կպավ, մի ուրիշ ուրախություն էր»,- պատմել է Վարդանը:

«Նուվել դ’Աղմենին» հայտնել է, որ հոկտեմբերի 24-ից 27-ը Հայաստանում ու Արցախում կլինի ֆրանսիացի խորհրդարանականների՝ 15 հոգուց բաղկացած պատվիրակությունը: Նրանք ցանկանում են ահազանգել Արցախում տեղի ունեցող դրամայի և վկայել Հայաստանի հետ Ֆրանսիայի հատուկ կապի մասին:

«Շողակաթ» ՀԸ-ն տեսանյութ է տարածել, որը ներկայացնում է, թե ինչպես են Արցախում զինծառայողները ռազմի դաշտում, մարտական խնդիր կատարելուց առաջ ամբողջ վաշտով մկրտվել:

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնել է, որ անցած գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը.

«Հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ: Թշնամական ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայ խաղաղ բնակավայրերը, այլեւ այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով, որտեղ ռազմական որեւէ օբյեկտ չկա»։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ադրբեջանական պետհամարանիշներով մեքենայիցեւ կից գրել.

«Վաղ առավոտյան թարմ ապրանք»։

Առանց մեկնաբանության։

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է պատժամիջոցներ սահմանի ընդդեմ Ադրբեջանի, ստիպի պահպանել հրադադարը եւ դադարել օգտագործել վարձկան ահաբեկիչներին:

Նշենք, որ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը եւ Ադամ Շիֆը պարբերաբար համանման հայտարություններ էին տարածում։

Արցախի ՊԲ-ից առավոտյան 10-ին հայտնեցին, որ այդ պահին տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում.

«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման եւ ոչնչացման գործողությունները»։

«Զինուժ մեդիան» ռեպորտաժ է տարածել ադրբեջանական հերթական կեղծիքի մասին։ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան նախօրեի հայտարարությունը հավանական ահաբեկչական ակտերի մասին, որտեղ ոչ մի բառ չկա հայերի մասին, ադրբեջանական մեդիան ամբողջովին վերագրել է հայերի մտադրություններին։

«Սեփական հանրության բանականությունը մթագնելուն միտված այս կեղծարարության ճաշին որպես աղանդեր՝ Բաքվի միապետի քարոզչամեքենան փորձել է ամեն դեպքում մի ուրախ լուր հայտնել եւ ներկայացնել կադրեր իբր հայկական ռազմական ինքնաթիռի խոցումից։ Կարող էին գոնե համակարգչային ծրագրերով աղավաղել 2005 թվականի Միացյալ Նահագներում ավիաշոուի ընթացքում տեղի ունեցած ավիավթարի կադրերը», գրել է «Զինուժ մեդիան»։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնեցնել հրադադարի ռեժիմը Ղարաբաղում.

«Այո, մենք պատրաստ ենք: Ես բազմիցս ասել եմ այդ մասին: Մենք պատրաստ ենք այսօր համաձայնեցնել հրադադարը: Սակայն միաժամանակ Հայաստանը, նրա վարչապետը պետք է հայտարարեն, որ կողմ են սկզբունքներին, որոնք մշակվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ համատեղ: Երկու օր առաջ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի դիվանագիտական լուծում»,-ասել է Ալիեւը Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքում գրել է, որ բարերար Ջորջ Բաղումյանը հերթական 1 մլն դոլարն է նվիրաբերել իր գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամին.

«Գումարը հատկացվում է COVID-19-ի դեմ պայքարի համար։Չգիտեմ՝ ինչով եմ արժանացել այսպիսի վերաբերմունքի, բայց խոստանում եմ, սիրելի պարոն Բաղումյան, ես Ձեզ չեմ հիասթափեցնի»։

Ինչպես է ծախսվել այդ գումարը կորոնավիրուսի դեմ պայքարում՝ լայն հանրությանը հայտնի չէ։

Ամերիկյան Ինդիանա նահանգի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիան են իրականացրել՝ ընդդեմ ադրբեջանական արգրեսիայի։ Նրանք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել են ուշադրություն դարձնել ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցող ոճիրներին։

CNN-ի հետ հարցազրույցում, հարցին, թե հայկական կողմը պատրա՞ստ է զիջումների, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է.

«Մենք չենք խոսում զիջումների մասին, մենք խոսում ենք հիմա հրադադարի ռեժիմի հաստատման եւ խաղաղ գործընթացին վերադառնալու մասին: Այժմ, երբ խոսքը Արցախի ապագայի մասին է, պետք է նշեմ, որ այս հակամարտությունը մարդկանց մասին է, Արցախի մեր հայրենակիցների մասին է: Հայերը մշտապես դիմակայել են Ադրբեջանի գերիշխանությանը ենթարկվելուն։ Սա է եղել ամբողջ պատմությունը: Այս ամենը մեր ժողովրդի մասին է, որոնք ենթարկվում են ռմբակոծման, հրետակոծման եւ հրթիռակոծման: Այս հիմնահարցի առանցքում մեր հայրենակիցների գոյաբանական անվտանգությունն է: Արցախի կարգավիճակը եւ մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը, որը միջազգային հանրության կողմից ճանաչված հիմնարար սկզբունք է, պետք է անհապաղ կյանքի կոչվեն։

«Արցախում էր, կարծում եմ՝ անցյալ տարի օգոստոսին, շատ ազգայնական կեցվածքով, միգուցե դա իր ոճն է, բայց նա, օգտագործելով Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը, մղեց ամբոխին անընդմեջ վանկարկել «Միացում Հայաստանի հետ» նախադասությունը։ Արդյո՞ք դա է ձեր քաղաքականությունը», հարցրել է Քրիստիան Ամանփուրը.

Զոհրաբ Մանցականյան. «Սա այն աղավաղումն է, որին մենք անդրադարձել ենք եւ որին մենք բախվում ենք մեկ տարի շարունակ. սա բառերը գլխիվայր շրջելու, աղավաղելու եւ խեղված ներկայացնելու փորձ է։ Վարչապետը խոսում էր Արցախի մեր հայրենակիցների անվտանգության ապահովման, երաշխավորման գործում Հայաստանի դերի մասին: Վարչապետը խոսում էր Հայաստանի զարգացման, բարեփոխման ճանապարհի մասին, եւ նա վերահաստատում էր, որ Հայաստանը անտարբեր չի լինելու Արցախում իր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ: Վարչապետն այս երկու տարիների ընթացքում եւ այդ ելույթում անընդհատ խոսում էր փոխզիջման վրա հիմնված խաղաղ հանգուցալուծման մասին: Այսպիսով, այս բառերը կտրված են համատեքստից եւ արհամարհվում է այն հիմնարար կետը, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա, եւ հիմնախնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով։ Եվ սա է Հայաստանի ուղերձը, որը հետեւողականորեն կրկնվում է այս երկու տարիների ընթացքում»:

Այսպես է մեկնաբանել Զ.Մնացականյանը Ն.Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունը եւ ելույթն ընդհանրապես։

ՀՀ դատախազությունը հայտարարել է, որ ՀՀ եւ Արցախի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու եւ դրա ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, մարդկության անվտանգության դեմ ծանր հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռեւս սույն թվականի օգոստոսի սկզբից Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծաքանակ զինծառայողներ, գտնվելով Ադրբեջանի զինված ուժերում, զանգվածաբար մարտական պատրաստության դասընթացներ են անցկացրել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հետ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր միջոցները կատարվածի հանգամանքների լիարժեք բացահայտման նպատակով:

Ինչի է հանգեցրել նախաքննությունը՝ լայն հանրությանը հայտնի չէ։

Իրանական բանակի ցամաքային ուժերն անցկացրել են մեկօրյա զորավարժություններ երկրի հյուսիս-արեւմտյան սահմանամերձ շրջաններում, Արաքսից հարավ ընկած հատվածում:

Իրանական մամուլը հայտնել է, որ «Վելայաթի սիրահարներ-99» կոդավորված անվան ներքո զորավարժություններն անցկացվել են երկրի պաշտպանողական ողջ ներուժն ու իրենց Զինուժի՝ Իսլամական Հանրապետության ամբողջականության ու անվտանգության նկատմամբ ցանկացած սպառնալիքի դեմ հակազդելու պատրաստակամությունը ցուցադրելու համար:

Ռազմական փորձագետները համարում են, որ Իրանը զորքեր էր մոտեցրել ադրբեջանական հետախուզական ԱԹՍ-ների թափանցումն իր տարածք կանխելու համար։

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված եւս 11 զինծառայողների անուններ:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը հայտարարել է.

«Երեւանը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամությունը՝ փոխզիջման հիման վրա: ՀՀվարչապետը բազմիցս հայտարարել է ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամության եւ անհրաժեշտության մասին`փոխզիջման հիման վրա եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:ՀՀ վարչապետն ասել է՝ երբ Հայաստանը հայտարարում է, որ այս կամ այն փոխզիջումն իր համար ընդունելի է, որը, թվում էր, մինչ այդ ընդունելի էր նաեւ Ադրբեջանի համար, այդ կոմպրոմիսը նրա համար շատ արագ դառնում է անընդունելի»:

Հիշեցնենք, որ Ալիեւը պատրաստակամություն էր հայտնել  համաձայնեցնել հրադադարը, ինչն, ըստ նրա, անհնարին է դառնում, քանի որ Փաշինյանը հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի դիվանագիտական լուծում։

ԱՄՆ-ում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։ Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են հայ համայնքի մտահոգություններն ու  իրազեկել են իրենց կողմից ձեռնարկվող քայլերի ու հետագա ծրագրերի վերաբերյալ:

Արցախի պաշտպանության բանակը շարունակել է նորօրյա հերոսների սխրանքներ մասին շարքը.

«Հակառակորդի կրակի տակ շտապ օգնության մեքենայով վիրավոր զինծառայողների տարհանումը իրականացնելու համար ավագ-սերժանտ պայմանագրային Կարեն Փաթյանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի»։

Նույն շարքից Արցախի ՊԲ-ն եւս մեկ հրապարակում է տարածել.

«Թշնամական Դ-30-ի կրակային դիրքը, հրետանային դիտակետեր ու շարասյուներ ոչնչացնելու համար ավագ սերժանտ Ավագ Մինասյանը, շարքային Սմբատ Առաքելյանը, սերժանտ Մհեր Աղաջանյանն ու կրտսեր սերժանտ Սեւակ  Մարգարյանն ու սերժանտ Սամվել Լալաբեկյանը հանրապետության նախագահի կողմից կպարգեւատրվեն «Մարտական ծառայություն» մեդալներով»։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը դիմում է ներկայացրել 8 ռազմագերիների մասով, որոնց վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հոկտեմբերի 22-ին տեսանյութ էր տարածվել։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել է, որ պահանջել է, որպեսզի ՄԻԵԴ-ն անհապաղ միջոց կիրառի Ադրբեջանի նկատմամբ եւ միջոցներ ձեռնարկվեն նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով։

Ֆրանսիայի հայերը բողոքի ցույց են անցկացրել Փարիզում Թուրքիայի դեսպանատան առջև և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների հիշատակին:Բողոքի ակցիայի  մասնակիցները սեւ հագուստով եւ սեւ դիմակներով են եղել, նրանք բոլորը պաստառներով էին, որոնց մի մասի վրա գրված էին հայրենիքի համար զոհված զինծառայողների անունները, մի մասի է վրա էլ` «Ճանաչե՛ք Արցախը»:

Աջարիայի հայերն Արցախին իրենց աջակցությունը հայտնելու նպատակով խաղաղ ցույց են կազմակերպել: Ցուցարարները հավաքվել են Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու տարածքում ու երթով շարժվել դեպի Աջարիայում ՀՀ հյուպատոսարան:

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ համացանցում հայտնված կադրերը, որտեղ երեւում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը գնդակահարում ծանր վիրավորում ստացած արցախցի զինվորին, իրական են։

Նա հավելել է, որ մինչ միջազգային հանրությունը շարունակում է աչք փակել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների առաջ։

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է հայկական կողմը ոչնչացնում թշնամու զրահատեխնիկան։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է, որ Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել է Հանրապետության հարավ-արևելյան հատված.

«Տեղում քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ:Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում և Հայրենիքի պաշտպանության համար հերոսական ջանքեր են գործադրում:Փա ՛ռք մեր ժողովրդի քաջազուն զավակներին, որոնց սխրանքների շնորհիվ ամուր կանգնած ենք մեր հողին»:

Արցախյան ճակատում օրհասական կռվի մասին խոստովանություններին զուգահեռ տարածվում էին նաեւ հաղթանակի հանդեպ վստահություն ներշնչող հաղորդումներ։

Իսրայելի նախագահին ուղղված բաց նամակում, որը հրատարակվել է իսրայելական հեղինակավոր Haaretz թերթում, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը նշել է, որ Իսրայել այցի օրերին ուղեկցում էր հորը՝ Շառլ Ազնավուրին, որին այնտեղ շնորհվել էր «Ռաուլ Վալենբերգի» շքանշան՝ 2-րդ աշխարհամարտի օրերին իր ընտանիքում հրեաների պատսպարելու համար: Իսկ այժմ, հայ ժողովրդի դեմ կիրառվում են իսրայելական զենքեր։

«Որպես պապ ու տատիս, հորս հետնորդ՝ դիմում եմ Ձեզ, պարո՛ն Նախագահ, խնդրելով օրենքի ուժով կասեցնել այդ զենքի վաճառքն ու մատակարարումը Ադրբեջանին: Հոլոքոստը վերապրածների և նրանց սերունդների կողմից հիմնադրված Իսրայելը չի կարող աչք փակել կամ մասնակցել ցեղասպանությանը, որն Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ պատրաստվում է իրականացնել Հայաստանում: Սա անարգանք կլինի իմ նախնիների հիշատակին, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում շատ հրեաների կյանքեր են փրկել, բայց և ավելին՝ սարսափելի վիրավորանք կլինի Հոլոքոստի զոհերի հիշատակին», գրել է Նիկոլա Ազնավուրը:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել է, որ ըստ հետախուզական տվյալների՝ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը այլ նաև հեռախոսները։

«Բոլորս հասկանում ենք՝ դա ինչի համար է կատարվում», վստահեցրել է նա:

Ֆրանսիայում հայերը բազմամարդ ակցիա են անցկացրել նաեւ Էյֆելյան աշտարակի մոտ։ Նրանք պահանջում են Արցախի անկախության ճանաչումը։

Արցախի ՊԲ-ն նոր ֆոտոշարք է ներկայացրել առաջնագծի զինծառայողներից:«Հայոց պետականության պաշտպանները»՝ վերնագրված է ֆոտոշարքը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ցամաքային ուժեր, տանկեր եւ տեխնիկա է ուղարկել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտի ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի կապակցությամբ: Իրանական զորքերը տեղակայվել են Ջոլֆա եւ Խոդաֆարին քաղաքներում, որոնք ընդհանուր սահման ունեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, մարդկանց եւ սահմանների անվտանգությունն ապահովելու համար:Իրանը բազմիցս նախազգուշացրել է ղարաբաղյան հակամարտության կողմերին, որ Թեհրանը չի հանդուրժի, եթե ռազմական գործողությունների ընթացքում արձակված արկերը շարունակեն ընկնել Իրան տարածքում:

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է արել եւ լուսանկարներ  հրապարակել.

«Հակառակորդի՝ այսօր խոցված հերթական ԱԹՍ-ն»:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարել է, որ Պաշտպանության բանակը փորձում է չեզոքացնել Արցախի Ավետարանոց գյուղի մատույցներում գտնվող ադրբեջանական դիվերսիոն փոքրիկ խմբին:

Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել, որ այդ պահի դրությամբ Արցախի Հանրապետության ՊԲ կարիքների համար ՔՆԱՊԱՐԿԵՐԻ անհրաժեշտ քանակը լրացված է և պարբերաբար իրականացվում է մատակարարում:

«Մեր հայրենակիցներին խնդրում ենք լրացուցիչ միջոցներ չծախսել ԱՀ ՊԲ-ի համար ոչ հրատապ նյութական միջոցներ ձեռք բերելու կամ արտադրելու համար», նշված էր հաղորդագրությունում։

ՀՀ ՄԻՊ-ը  ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչեր էթնիկ հայերի նկատմամբ՝ արժանանալով հասարակության գովասանքին.

«Ընդ որում, ոճն ու օգտագործվող բառերը գրեթե չեն տարբերվում պետական պաշտոնատար անձանց ու քաղաքական գործիչների հայատյաց խոսքից ու ելույթներից:Տարիներ շարունակ Ադրբեջանում հայատյացությունն ու հայասպանությունը միայն խրախուսվել են, իսկ դրանք կատարողները՝ արժանացել պետական պարգևների: ՀՀ ՄԻՊ-ը միջազգային կառույցներին պարբերաբար ներկայացնում է հայատյացության մասին ապացույցներ: Այս անգամ խոսքը վերաբերում է մշակութային գործիչներին և մտավորականներին»:

Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան: Իլ-76 ինքնաթիռով տեղափոխվել են դեղորայք, շտապ օգնության ավտոմեքենաներ, սարքավորում եւ այլ ապրանքներ, որոնք անհրաժեշտ են հայ բժիշկներին եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:Օգնությունը հավաքել է Ռուսաստանի հայ համայնքը:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ:Խորհրդարանի փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակից:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եվ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դարձյալ Հայրապետական ուղերձ է հղել.

«Ճշմարիտ է ասված. «Քաջերի սերունդները քաջերն են»։ Այսօր քաջերի մեր նոր սերունդն է հերոսանում նույն ոգով և նախնյաց լուսավառ օրինակով՝ հանձնառու նվիրաբերել նաև անգին կյանքը մեր ժողովրդին և հայրենիքին։ Նույն քաջությունն ու հերոսությունը դրսևորում են նաև հայոց բանակին խիզախ մարտիկներ պարգևած սիրասուն ծնողները: Խոնարհում և երկնառաք օրհնություն մեր զինվորների և աշխարհազորայինների ընտանիքներին, թանկագին մայրերին ու հայրերին։ Մեր բարձր գնահատանքն ու աղոթքը մեր ժողովրդին զորավիգ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին և հայ զինվորի հետ կողք կողքի մարտնչող նրանց զավակներին։

ՍիրելիզավակներՄեր, այս վճռական պահին Մեր կոչն ենք ուղղում ձեզ՝ քաջաբար ելեք հայրենիքի ու ազգի պաշտպանության նվիրական պայքարի, կանգնեք սահմանագծում մարտնչող մեր քաջորդիների կողքին, որպեսզի պարտության մատնենք նենգ թշնամուն, խորտակենք նրա չար մտադրությունները և առավել հզորացնենք հայրենի մեր երկիրը, մեր պետականությունը։ Այսօր, առավել քան երբևէ, մեզ համար հրամայական է համազգային մեր միասնականությունն ու համերաշխությունը, որպեսզի մեր զավակաց անձնուրաց քաջությունը պսակվի հաղթական ավարտով՝ խնայելով մարդկային թանկ կյանքեր։ Մեր արիությամբ, մեր կյանքով ու գործով արժանի լինենք մեր հերոս զավակներին, նրանցփառապանծոգուն և անմահսխրանքին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորական պատվիրակությանը, ներկայացրել ստեղծված իրավիճակը.

«Ադրբեջանը մերժում է հրադադարի հետ կապված միջազգային ջանքերը՝ բերելով ամենատարբեր պատճառաբանություններ: Այն կոմպրոմիսը, որը Հայաստանի համար ընդունելի է լինում, նույն պահից Ադրբեջանի համար այն դառնում է անընդունելի: Այս իրավիճակը մենք տեսել ենք բանակցային գործընթացում բավականին երկար ժամանակ: 2011-ին, երբ կար հայտնի կազանյան պրոցեսը, ՀՀ-ն գնացել էր որոշակի փոխզիջումային տարբերակի եւ կար կարգավորման համաձայնեցված տեքստ, բայց Ադրբեջանը վերջին պահին հրաժարվեց ստորագրել այն՝ ավելի կոշտացնելով իր դիրքորոշումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ սա շատ կարեւոր նրբություն է:

Վարչապետընշել է, որ հայ ժողովրդի համար կարեւոր խնդիր է մնում Արցախի կարգավիճակի հստակեցումն ու ինքնորոշման իրավունքի կիրառումը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքումում գրել է, որ որոշում է կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի ՊԲ-ի զորամասերի հրամանատարներ, գեներալ-մայոր Կարեն  Շաքարյանին եւ փոխգնդապետ Հունան Հայրումյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում`հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշաններ։

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայանը CBS հեռուստաալիքին հայտարարել է, որ ԱՄՆ-ը դրդում է Ադրբեջանի իշխանություններին ընդունել հրադադարի ռեժիմը Հայաստանի հետ, որն արդեն համաձայնություն է տվել այդ առաջարկին:

«Վերջին օրերին մենք զբաղվում էինք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնություն ձեռքբերելու ուղղությամբ: Հայաստանն ընդունել է հրադադարի մասին առաջարկը, իսկ Ադրվեջանը՝ դեռ ոչ: Մենք դրդում ենք ընդունել հրադադարի ռեժիմի մասին առաջարկը»,-նշել է պետության ղեկավարի խորհրդականը:

ԱՄՆ-ում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը առցանց հանդիպում է ունեցելԿոնգրեսի ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փելոնի, Ջեքի Սփիրի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ:

Զրուցակիցներն համակարծիք էին, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն հրադադարի ռեժիմի հաստատման և Ադրբեջանի կողմից տարածաշրջանում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման քայլերի հասցեագրման ուղղությամբ:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է.

«Կարճատեւ դադար` ակտիվ գործողություններից հետո»։

Գրառմանը կից նա լուսանկարներ է հրապարակել, որտեղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է զինծառայողների հետ։

Ազատության հրապարակում  քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել` ի հիշատակ առաջնագծում զոհված զինծառայողների։

NEWS.am-ը տեսանյութ է հրապարակել Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղից, որի  կանայք վարժվել են հրետակոծության ձայներին։ Կատակում են՝ որ կրակոցն ուշանում է, ասում են՝ տեսնես ինչի՞ ուշացավ։ Թղթակցի հարցին, թե չեն մտածո՞ւմ ապահով տեղ գնալու մասին, կանայք  արձագանքում են․

«Բա՞ մեր տղաները։ Մենք մեր երեխաների թիկունքում կանգնած ենք, չենք գնալու»։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Ամուր ԹԻԿՈՒՆՔ,Հաղթող ՃԱԿԱՏ !!!Պատերազմող զինվորի մեջքին խաղեր չփորձե՛ք տալ, ա՛յ հայրենադավ սրիկաներ, բոլորիդ լավ գիտենք՝ անուն առ անուն, հետագիծ առ հետագիծ...

Հ.Գ. Այս աքսիոմատիկ ճշմարտության դեմ գնացող բոլոր արկածախնդիրները դատապարտված են. կասկած չունենաք»։

Հանրությունն արդեն մեկ տարի սպասում է Ռ.Պետրոսյանի՝ «անուն առ անուն» բացահայտումներին։

Օրվա ընթացքում` հետկեսօրին, ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարկվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։ Այս մասին հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:Քաղաքացիական շրջանում տուժածներ չկան։ Ավերածությունների հետևանքները ճշտվում են։

Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։

Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ը` կիրառության մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը եւ տեսանյութ հրապարակել:

Հնդկական WION հեռուստաընկերության հետ հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է

«Ինչ ակնկալում եմ միջազգային հանրության մյուս ներկայացուցիչներից, նույնն ակնկալում եմ նաեւ Նյու-Դելիից. արձանագրել, որ Թուրքիան կազմակերպել է ահաբեկիչների եւ վարձկանների տեղափոխումն Ադրբեջան, եւ առանց Թուրքիա այդ պատերազմը չէր սկսի:Արձանագրել Ադրբեջանի եւ Թուրքիայի ահաբեկչական խմբավորումների նախահարձակ գործողությունները, արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, ցեղասպանության վտանգի առաջ, այս համատեքստում կիրառելի համարել «անջատում հանուն փրկության» (remedial secession) բանաձեւը Լեռնային Ղարաբաղի համար ու ճանաչել նրա անկախությունը»:

Ռուսաստանը Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը տվյալներ է ներկայացրել  Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից ահաբեկիչների մասնակցության մասին, հայտարարել է Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Նյու Հեմփշիր նահանգում իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալիս, հայտարարել է, թե Միացյալ Նահանգները կկարողանան հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղում հակամարության խաղաղ կարգավորմանը:

«Մենք ամեն ինչ կարգի կբերենք: Դա պետք է տեղի ունենա, ինչպես ես նշում եմ, հեշտությամբ: Դա հեշտ կլինի, եթե գիտես՝ ինչ ես անում»,-ասել է Ամերիկայի առաջնորդը: «Մենք կլուծենք դա: Դա կինի… Ես անվանում եմ դա «թեթեւ դեպք»: Գնացեք եւ ասեք դա ձեր ժողովրդին: Հայաստան: Ինչո՞ւ ոչ»,-ասել է Թրամփը:

Նա պատմել է, որ շաբաթ Օհայո նահանգում իր ելույթի ժամանակ իր կողմնակիցների շրջանում նկատել է «հայերի հիանալի խումբ՝ դրոշներով»: «Նայեք Հայաստանին, հայերն անհավանական ժողովուրդ են, նրանք պայքարում են, ինչպես դժոխքում: Նրանց համար հեշտ չէ»,-հավելել է Ամերիկայի առաջնորդը:

Օրվա ամփոփիչ ճեպազրույցում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ օրվա ընթացքում ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները` հյուսիսից մինչեւ ծայրամաս հարավ:

«Նախ հյուսիսային ուղղությամբ վաղ առավոտյան սկսվել է հրետակոծություն,  եւ որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք սակայն իրենց ինտենսիվությամբ մի փոքր զիջում են հարավում ընթացող մարտական գործողություններին:  Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ մի քանի գյուղերում այդ թվում նաեւ Ավետարանոց գյուղի հարակից անտառներում երեւացել են դիվերսիոն խմբեր, այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական ոչնչացման աշխատանքները, այս պահին էլ դրանք ընթանում են: Որպես կանոն դիվերսիոն խմբերը մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել եւ փախչել տեղանքից, որտեղ  որ հայտնվում են մեր զինված ուժերի  ստորաբաժանումները: Հարավային ուղղությամբ ողջ օրվա ընթացքում դեպի հյուսիս եւ դեպի արեւմուտք` Սանասարի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է տասնյակ անգամյա գրոհներ ու հարձակումներ տարբեր ուղղություններով»,- ասել է նա:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` այդ պահին էլ ընթանում են ծանր մարտեր:

Արծրուն Հովհաննիսյանը նաեւ ասել է

«Եթե սա հայության լինելիության, մեր պետականության, մեր ազգի գոյապայքարն է, հետեւաբար մեր հաղթելը նշանակում է մեր անվտագությունը, հաղթել նշանակում է մեզ երկրորդ անգամ ցեղաասպանություն թույլ չտալը, հաղթելը նշանակում է հակառակորդի զինված ուժերին խնդիրներից զրկելը: Վերջին շրջանում եղան հետաքրքիր հայտարարություններ, որոնցից ամենակարեւորը թերեւս Էրդողանի հայտարարությունն էր իր եղբայր Ալիեւի հայտարարությունների եւ իր հանդեպ եղած ճնշումների մասին: Օրվա ընթացքում եւ երեկ Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ նա իբր պատրաստ է դադարեցնել կրակը: Ամեն անգամ այս խուսափողական պատասխանատվությունը իր վրայից գցելու հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանը բացարձակապես որեւէ կրակի դադարեցման եւ խաղաղության ցանկություն չունի, շարունակելու է մարտական գործողությունները, հետեւաբար շարունակվում է մեր լինելության եւ մեր գոյապայքարի պատերազմը»,-ասել է նա:

Մեղրիի համայնքապետարանը հայտարարել է, որ դիրքերում ամրացման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են անվադողեր:

«Համայնքի հարգելի բնակիչներ, դիրքերում ամրացման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են անվադողեր (ցանկալի է՝ ԿԱՄԱԶ բեռնատարի)։ Հավաքատեղին՝ Մեղրի քաղաքում՝ Էլեկտրացանցի հարակից տարածք, Ագարակ քաղաքում՝ մաքսակետին կից նախկին փուռի տարածք»։

Երեւանի եւ Բաքվի միջեւ հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հայտարարությանը:

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները կոչ են արել Երեւանին եւ Բաքվին անհապաղ քայլեր ձեռնարկել Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածություններն իրագործելու ուղղությամբ: