Garnter-ի մասնագետները կանխատեսել են 2022թ. հիմնական տեխնոլոգիական նախաձեռնությունները։ Այդ մասին հաղորդում է Venture Beat-ը։

Տեխնիկական առաջընթացի զարգացումը, կազմակերպության վերլուծաբանների կարծիքով, սերտորեն կապված կլինի արհեստական բանականության զարգացման հետ։ Տեխնոլոգիական միտումների ցանկը գլխավորում է գեներատիվ արհեստական բանականությունը (GAI), որը տարբերվում է հիմնական ԱԲ-ից մեքենայական ուսուցման հետ ավելի խորը փոխազդեցությամբ: Արհեստական բանականության այս ենթատեսակը կօգտագործվի ծրագրային ապահովման մշակման, դեղերի ստեղծման եւ նպատակային շուկայավարման մեջ: Garnter-ի գնահատմամբ՝ ներկայումս GAI-ն գեներացնում է տվյալների մեկ տոկոսից էլ քիչ մասը, սակայն մինչեւ 2025 թվականը այս ցուցանիշը կարող է աճել մինչեւ 10 տոկոս:

2022թ․ ապագայի հաջորդ գլխավոր նախաձեռնությունը մասնագետներն անվանել են ինքնավար համակարգերը, որոնք կարող են սովորել եւ հարմարվել շրջակա միջավայրին: «Սեփական ալգորիթմների դինամիկ փոփոխման շնորհիվ ինքնավար համակարգերը կարող են հարմարվել հազվագյուտ գործընթացներին եւ ընթացակարգերին»,- նշել են հեղինակները:

Վերլուծաբանները նաեւ կարծում են, որ հաջորդ տարի պահանջարկ կունենա որոշումների կայացման բանականությունը (DI): Հեղինակները DI-ն նկարագրում են որպես նոր միջոց, որը թույլ կտա կազմակերպություններին օգուտ քաղել արագ փոփոխվող տվյալներից եւ միջավայրերից:

«Նախաձեռնությունների իրականացման բանալին կլինի արհեստական բանականության մշակումը, որը կձգտի հաղթահարել բազմաթիվ ինտեգրացիոն եւ կազմակերպչական խնդիրները»,- եզրափակել են մասնագետները։