Կիպրոսի հույների առաջնորդ, Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ դատապարտելով Թուրքիայի գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ), Վարոշայում եւ Կարպասիա թերակղզում, ինչպես նաեւ խնդրել է գլխավոր քարտուղարին որքան հնարավոր է շուտ նշանակի Կիպրոսի կարգավորման հարցով իր հատուկ բանագնացին։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Կիպրոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիոս Պելեկանոսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ նամակում, որը գրվել է հինգշաբթի, Անաստասիադիսը դատապարտել է «Թուրքիայի նոր միակողմանի եւ անօրինական գործողությունները Կիպրոսի Հանրապետության ԲՏԳ տարածքում՝ Ֆամագուստայի եւ Կարպասիայի փակ շրջանում»։

Բացի այդ, Գուտերեշին ուղղված նամակում Անաստասիադիսը հաստատել է «վերոնշյալ նպատակներին հասնելու համար ՄԱԿ-ի եւ Կիպրոսի թուրքերի ղեկավարության հետ համագործակցելու իր վճռականությունը եւ քաղաքական կամքը»: