Հալեպում Հայաստանի հումանիտար առաքելության խումբն իր փոքրիկ, բայց կարևոր լուման է ներդնում մեր հայրենիքի զարգացման և միջազգային ասպարեզում այն ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ։

Ականազերծման կենտրոնի տեղեկացմամբ՝ մինչև օրս «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի ականազերծողները մաքրել և սիրիական իշխանություներին են հանձնել ականազերծված ավելի քան 880 հազար քառակուսի մետր տարածք, իսկ բժշկական խումբը բուժօգնություն է ցուցաբերել 42 հազարից ավելի տեղաբնակների։ Այսպիսով, 2021 թվականի հոկտեմբերի 23-ին Հալեպում կայացել է հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի նահանգի իշխանություններին:

2 ականադաշտ՝ մոտ 450 000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, այսօր շահագործման է հանձնվել Հալեպի իշխանություններին: Ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել են ավելի քան 190 հատ զինամթերք և ենթազինամթերք, այդ թվում՝ հակատանկային և հակահետևակային ականներ, հրետանային արկերի և ավիառումբի մնացորդներ, ուղղորդված ականներ և ինքնաշեն պայթուցիկ առարկաններ:

Ընթացակարգում ստորագրվեցին հանձնման-ընդունման վկայականները և Հալեպի իշխանություններին հանձնվեցին ականազերծված տարածքների քարտեզները:  Արարողությանը ներկա էին Հալեպի փոխնահանգապետ Քումեյթ շեյխ Ասին, Հալեպում տեղակայված ռուսական հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարությունը, Հալեպ նահանգի իշխանության ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:

Ողջունելով հյուրերին` խմբի ղեկավար Սերգո Ավետիսյանը համառոտ ներկայացրեց կատարված աշխատանքները, վստահություն հայտնեց դրանց շարունակականության վերաբերյալ.

- Ամռանը սկսված աշխատանքների արդյունքում, անգամ համաճարակային սահմանափակումների պայմաններում, հայ ականազերծողները միջազգային չափորոշիչներին համապատասխան ականազերծել են մոտ 45 հեկտար հողատարածք: Հայտնաբերվել և վնասազերծվել են բազմաթիվ նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, հակատանկային և հակահետևակային ականներ:

Ողջունելով հյուրերին` փոխնահանգապետը կարևորեց կենտրոնի աշխատանքները և հույս հայտնեց, որ ականազերծման գործընթացի ակտիվացումը կնպաստի Հալեպի ժողովրդի վերադարձին իրենց բնակավայրեր.

- Ամենամյա ականազերծման աշխատանքների արդյունքում գյուղատնտեսական կիրառման համար պիտանելի են դառնում նորանոր հողատարածքներ, իսկ գլխավորը` նվազում է չվնասազերծված զինամթերքի պայթյունի հետևանքով հնարավոր դժբախտ պատահարների հավանականությունը: Արարողության ընթացքում սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և անմնացորդ աջակցության համար ու նշել, որ այս մարդասիրական առաքելությունը ևս մեկ անգամ ամրագրում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։