Ճապոնական Kansai Electric Power էներգետիկ ընկերությունը հոկտեմբերի 23-ին դադարեցրել է Ճապոնիայի արեւմուտքում Ֆուկուի նահանգում «Միխամա» ատոմային էլեկտրակայանի երրորդ ռեակտորի աշխատանքը ահաբեկչական գործողությունների դեմ ենթակառուցվածքն ամրապնդելու հարցում միջոցառումները չկատարելու պատճառով: Այդ մասին կիրակի հայտնել է NHK հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ենթակառուցվածքն ամրապնդելու ուղղությամբ աշխատանքները պետք է ավարտվեին հոկտեմբերի 25-ին: Kansai Electric Power-ին չի հաջողվել կատարել դրանք նախքան ժամկետի լրանալը, ինչի կապակցությամբ ընկերությունը ստիպված էր դադարեցնել ռեակտորի գործառնությունը՝ համաձայն Ճապոնիայի կառավարության Ատոմային էներգետիկայի հսկողության հանձնաժողովի համապատասխան ցուցմանը:

Ակնկալվում է, որ ԱԷԿ-ում ահաբեկչությունների դեմ ենթակառուցվածքն ամրապնդելու գործընթացը կավարտվի 2022 թվականի սեպտեմբերին: Ընդ որում՝ երրորդ ռեակտորի աշխատանքը կվերականգնվի հաջորդ տարի հոկտեմբերին:

Մինչդեռ Kansai Electric Power-ի պաշտոնական կայքում չեն ներկայացվում տեղեկություններ, որ էներգաբլոկի աշխատանքի դադարեցումը կապված է ենթակառուցվածքն ամրապնդելու ժամկետները չպահպանելու հետ: Ընկերության հաշվետվության համաձայն՝ ռեակտորի գործառնությունը դադարեցվել է պլանային ստուգման համար, որը կտեւի շուրջ 13 ամիս:

Ապրիլի 14-ին Ատոմային էներգիայի հսկողության հանձնաժողովն արգելել էր Ճապոնիայում ամենահզոր «Կասիվաձակի-Կարիվա» ԱԷԿ-ի գործունեությունը, որտեղ հայտնաբերվել էին լուրջ խախտումներ անվտանգության ապահովման ոլորտում, այդ թվում՝ ահաբեկչությունները կանխարգելելու առումով:

2011 թվականին «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում վթարից հետո Ճապոնիայի իշխանությունները խստացրել էին ատոմային օբյեկտներին ներկայացվող պահանջները: