Տավուշի մարզպետը Կողբ համայնքում ՏԻՄ ընտրութուններից առաջ աշխատանքից ազատել է գործող համայնքապետ Արսեն Աղաբաբյանին եւ ՔՊ-ական ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել` Սերյոժա Ավագյանին: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց արդեն նախկին համայնքապետ Արսեն Աղաբաբյանը` նշելով, որ ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարի հայրը` 30 տարվա ՀՅԴ-ական է եղել:

Հարցին, թե ինչու են մինչեւ ՏԻՄ ընտրություններ իրեն ազատել պաշտոնից, Աղաբաբյանն ասաց, որ երեւի ցանականում են հեղինակազրկել իրեն:

«Վախենում են ընտրություններից, էլ չգիտեն` ոնց կարող են ինձ հեղինակազրկել: Երբ որ իրենց դեմ ես գնում, զգաստանում են իրենք: Ես անկուսակցական եմ, բայց քանի որ համամասնական ընթացակարգով են լինելու ընտրությունները կմասնակցեմ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով: Հիմա այդպիսի ընթացակարգ կա եւ Տավուշի մարզպետն ամբողջ մարզում միայն իմ լիազորություններն է կասեցրել եւ այլ մարդ նշանակել, բայց դա ոչինչ չի նշանակում, դեկտեմբերի 6-ին հաղթելու ենք»,-ասաց նա: 

Հիշեցնենք, որ 2018 թվականին Արսեն Աղաբաբյանը առաջիններից մեկն էր, որ որպես համայնապետ ողջունեց երկրում տեղի ունեցած իշխանափոխությունը:

Աղաբաբյանը նաեւ հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարի թեկնածուն նախկին հանրապետական, ներկայիս Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանն է:

ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է նաեւ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, ցուցակը կգլխավորի Մհեր Աղամյանը:

Նշենք, որ Տավուշի մարզի Կողբ, Այրում եւ Նոյեմբերյան խոշորացված համայնքերի համար ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 6-ին: 

Մինչ այս Տավուշում խոշորացված համայնքներ էին համարվում Կողբը, Այրումը եւ Նոյեմբերյանը, այս ընտրություններից հետո բոլորը միանում են իրար: