Հավայիի համալսարանից գիտնականների խումբը զեկուցել է ամենաերիտասարդ մոլորակներից մեկը բացահայտելու մասին, հաղորդում է 3dnews.ru-ը՝ հղում անելով Phys.Org-ին:

2M0437b անունով օբյեկտն ընդլայնում է ժամանակակից գիտության հորիզոնն այն մասին, թե ինչպես են մոլորակները ձեւավորվում եւ ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվում: Բացահայտումը նաեւ կօգնի տեղեկություններ ստանալ Երկրի եւ ամբողջ Արեւային համակարգի ծագման մասին:

Գիտնականների գնահատմամբ՝ մոլորակը մի քանի անգամ գերազանցում է Յուպիտերի չափերը: Այն ձեւավորվել է իր աստղի հետ «ընդամենը» մի քանի միլիոն տարի առաջ, երբ հիմնական Հավայան կղզիները հայտնվել էին օվկիանոսի մակերեսին: Մոլորակն այնքան երիտասարդ է, որ այն դեռեւս մնում է թեժ էներգիայի պատճառով, որն արտադրվում է դրա ձեւավորման գործընթացքում:

2M0437b մոլորակն առաջին անգամ նկատել էր ճապոնացի գիտնական Թերույուքի Խիրանոն հավայան աստղադիտարանում «Սուբարու» հեռադիտակի օգնությամբ: 2M0437b-ը գտնվում է շատ ավելի լայն ուղեծրում, քան Արեւային համակարգի մոլորակները. մոլորակը հեռացված է իր աստղից շուրջ 100 անգամ, քանի Երկիրն Արեւից:

Մեծ ուղեծիրը, իհարկե, էապես պազեցնում է դիտարկումները: Սակայն այդ բացահայտումն իրագործելու համար պահանջվել է երկրային աստղադիտակներից խոշորագույնը եւ ադապտիվ օպտիկա Երկրի մթնոլորտի կողմից խեղաթյուրված պատկերը փոխհատուցելու համար: Գիտնականները լիահույս են, որ հեռանկարում 2M0437b մոլորակի դիտարկումը կշարունակվի «Հաբլ» եւ «Ջեյմս Ուեբ» ուղեծրային հեռադիտակների միջոցով: «Ջեյմս Ուեբ»-ի արձակումը նախատեսվում է 2021 թվականի դեկտեմբերի 18-ին: