Daimler ընկերության ղեկավար Օլա Քալենիուսի խոսքով՝ բաղադրիչների համաշխարհային դեֆիցիտի դասերից մեկը կայանում է նրանում, որ ժամանակն է թարմացնել արտադրանքը, գրում է Bloomberg-ը:

Սկսած 2017 թվականից՝ Mercedes-Benz-ը NVIDIA-ի հետ համատեղ մշակում է ապարատային հարթակներ սրահի տեղեկատվա-ժամանցային համակարգերի եւ արհեստական ինտելեկտի հիման վրա ինքնուրույն վարման համակագերի համար: Սակայն ավտոարտադրողի դեպքում չիպերի դեֆիցիտը կապված էր ոչ թե առաջադեմ էլեկտրոնիկայի, այլ առավել պարզ բաղադրիչների հետ:

«Դրանք ամենապարզ բաղադրիչներն են նվազագույն գնով»,-հայտարարել է Կալենիուսը: Առավել խնդրահարույց էին ոչ թանկարժեք չիպերը, ինչպես չիպերը, որոնք կիրառվում են ավտոմեքենայի դռները բացելու եւ փակելու համար: Ուստի ընկերությունը որոշում է կայացրել փոխարինել դրանք առավել թանկարժեք տարբերակներով: «Չիպերի արտադրողների հետ միասին մենք փորձում ենք փոխարինել առավել պարզ, հնացած բաղադրիչներն առավել ժամանակակիցներով, որոնք ավելի շատ պաշարներ ունեն»,-հավելել է Կալենիուսը:

Նրա խոսքով՝ չիպերի համաշխարհային դեֆիցիտը լուրջ փորձություն է ոլորտի համար՝ հաշվի առնելով, որ արտադրողները ձգտում են արագորեն անցում կատարել դեպի «խելացի» տրանսպորտը: Տարեսկզբին համաշխարհային ավտոարտադրությունը գտնվում էր գագաթնակետում. աճում էին ավտոմեքենաների գները, միաժամանակ նաեւ դրանցից ստացված շահույթը: Սակայն լավատեսությունը կտրուկ անկել էր, երբ համավարակի հետեւանքով Մալազիայում չիպմեյքերները ստիպված էին կասեցնել ավտոմոբիլային էլեկտրոնիկայի մատակարարումը, եւ արտադրության ծավալների կանխատեսումները չէին իրականացել ամբողջ ավտոարտադրող աշխարհի համար:

«Եկեք պարզապես խոստովանենք, որ մենք ստիպված ենք ապրել անորոշության պայմաններում, քանի դեռ այդ անկայությունը չի վերացել: Հաճախորդների մեծամասնությունը հասկանում է, որ ինչ-որ բան է տեղի ունենում»,-եզրափակել է Կալենիուսը: