Սյունիքի մարզի սահմանամերձ Կութ գյուղից հունիսի 5-ից ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած  80 կովերի համար ոչ մի փոխահատուցում չի տրվել, ոչ էլ կովերն են վերադարձվել: Այս մասին NEWS.am -ի հետ զրույցում Կութ գյուղի ղեկավար Սիմա Չիտչյանը:

«Գյուղացիները հիմա կարտոֆիլի բերքահավաքով են զբաղված, գնում են կողքի համայնքներ, կարտոֆիլ են հավաքում գումարով, ու դեռ սպասում են փոխհատուցման: Եթե փոխհատուցում չլինի, ինչո՞վ ապրեն. թուրքը գլխներիս նստած, արոտը չկա, խոտհարքը չկա, անասունը չկա, նստեն  այստեղ, ի՞նչ անեն: Մինչեւ հիմա մեր գյուղացիները անասնապահությամբ են զբաղվել, այլ գործ գյուղում չկա էլ, որ անեն, կարողանան ապրել»,- ասաց նա:

Նշենք, որ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած 80 կովը պատկանում էին 5 ընտանիքի:

Համայնքապետը նշեց, որ խոտհարքներից չեն կարողացել բավարար քանակությամբ անասնակեր բերել, արոտավայրեր էլ չեն եղել նորմալ, գյուղացիները աշնանը մորթել են անասունների մի մասը, որպեսզի կարողանան մի փոքր մասն էլ պահել. «1000-1100 դրամով ենք միսը ծախել: Ոնց ադրբեջանցիները հայտնվել են գյուղի մոտ մեր կյանքը դժվարացել է, չգիտեմ էլ հետոն ոնց է լինելու»:

Կութի համայնքապետը նշեց, որ այս պահին համեմատաբար հանգիստ է, կրակոցներ այդքան էլ չեն լսում:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն են եւ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։