Ճապոնիայի արքայադուստր Մակոն՝ գահաժառանգ արքայազն Ակիշինոյի դուստրը եւ կայսր Նարուհիտոյի զարմուհին, երկուշաբթի այցելել է իր պապիկին եւ տատիկին՝ այժմ նախկին կայսր Ակիհիտոյին եւ նախկին կայսերուհի Միտիկոյին՝ նրանց տեղեկացնելու երեքշաբթի նախատեսված իր հարսանիքի մասին: Այդ հանդիպումը, ինչպես պարզաբանում է Kyodo լրատվական գործակալությունը, հրաժեշտի բնույթ է կրել, քանի որ աղջիկն ամուսնանալուց հետո թողնում է միապետի ընտանիքը եւ Ճապոնիայի սովորական քաղաքացի է դառնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մակոն Ակիհիտոյի եւ Միտիկոյի թոռներից ու թոռնուհիներից առաջինն է։ 87-ամյա Միտիկոն բազմիցս նրան բանաստեղծություններ է նվիրել: Արքայադուստրը նաեւ մանկուց օգնել է տատիկին Տոկիոյի կենտրոնում գտնվող կայսերական պալատի այգում իրականացվող աշխատանքներում։

Ենթադրվում է, որ 30-ամյա Մակոն եւ նրա ընտրյալ Կեյ Կոմուրոն հոկտեմբերի 26-ին իրենց ամուսնությունը կգրանցեն Ճապոնիայի քաղաքապետարաններից մեկում։ Դրանից հետո նրանք հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Այնուհետեւ նորապսակները կտեղափոխվեն Նյու Յորք, որտեղ Կոմուրոն աշխատանքի է ընդունվել փաստաբանական գրասենյակում: Մակոն, իր հերթին, պաշտոնապես լքելով կայսերական ընտանիքը, կսկսի անձնական կյանք վարել։

Արքայադստեր եւ նրա համակուրսեցի Կոմուրոյի հարսանիքն ի սկզբանե նախատեսված էր 2018 թվականի նոյեմբերին, սակայն հետաձգվել էր։ Այդ մասին պաշտոնական բացատրություններ տրվեցին, սակայն հետաձգման իրական պատճառը փեսայի մոր եւ նրա նախկին ընկերոջ միջեւ ֆինանսական վեճերի մասին հաղորդումներն են, ով պահանջում է վերադարձնել հատկացված գումարը, մասնավորապես՝ Կոմուրոյի ուսման համար։ Այս հարցը դեռ չի լուծվել, ինչը լրատվամիջոցներում բուռն ու հաճախ սկանդալային քննարկումների տեղիք է տալիս։

Միեւնույն ժամանակ, արքայադուստր Մակոն հաստատակամորեն պնդում էր Կոմուրոյի հետ ամուսնանալու իր մտադրությունը: Այնուամենայնիվ, փեսայի հետ կապված իրավիճակի պատճառով պաշտոնական հարսանիք նախատեսված չէ: Ինքը՝ Մակոն, հրաժարվել է 150 միլիոն իենի (ավելի քան 1.3 միլիոն դոլար) պետական ​​օժիտից, որ նախատեսված էր կայսերական ընտանիքից հեռանալու կապակցությամբ: