«Թովմասյան» միջազգային հիմնադրամը կառուցել է «Հավերժների այգի»` ի պատիվ գիտության, մշակույթի, սպորտի, ինչպես նաև պատերազմների ընթացքում իրենց կյանքը հայրենիքին նվիրած մեր քաջ հայորդիների:

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ծառատունկի առաջին փուլին մասնակցում է պատերազմում զոհված շուրջ 200  զինվորի ծնող։

Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, Հայաստանում Բելառուսի դեսպանը, «Սթարմուս» փառատոնի ներկայացուցիչը, մշակույթի, գիտության բազմաթիվ գործիչներ, որոնք եւս մասնակցեցին ծառատունկին: Նրանց թվում էին Խորեն Լեւոնյանը, Արմեն Էլբակյանը, Հակոբ Ղազանչյանը, Նարեկ Դուրյանը, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը եւ այլն:

Մասնավորապես, Կոնստանտին Զատուլինն իր խոսքում նշեց, որ թեեւ Հայաստանի մեկնելու օրն է, սակայն չէր կարող չմասնակցել այս միջոցառմանը:

Գիտության, մշակույթի, սպորտի շուրջ 100 հեղինակավոր մարդու անունով ծառեր տնկվեցին թե՛ անձամբ իրենց ձեռքով, թե՛ ժառանգների, և թե՛ նրանց անվան հետ առնչվող պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից։