Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ շարունակում է թարմացնել պատմական նվազագույնները Թուրքիայի Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքի իջեցման մասին որոշումից հետո, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով սակարկությունների տվյալներին։

Երկուշաբթի փոխարժեքը հասավ նոր նվազագույնի՝ մեկ դոլարը 9,84 լիրա։

Լիրան սկսեց կտրուկ արժեզրկվել հոկտեմբերի կեսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով ԿԲ երեք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նրա ղեկավարի երկու տեղակալների աշխատանքից ազատելու նորության ֆոնին։ Երեք ազատված պաշտոնյաներն էլ ԿԲ դրամավարկային քաղաքականության խորհրդի սեպտեմբերյան նիստում դեմ էին քվեարկել տոկոսադրույքի իջեցմանը։ Այնինչ, Էրդողանը կողմ էր տոկոսադրույքի իջեցմանը՝ պնդելով, որ գնաճի բարձրացումը պայմանավորված է բարձր տոկոսադրույքներով։

Ավելի վաղ Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշում էր ընդունել նվազեցնել տոկոսադրույքը 18-ից 16 տոկոսի՝ ազգային արժույթի փոխարժեքի ռեկորդային արժեզրկման ֆոնին։