Անսահման մեծ պատիվ եւ հպարտություն է հերոսի մայր կոչումը, եւ անչափ պարտավորեցնող. Չթուլանալ, չընկճվել, ամուր կանգնել ոտքերի վրա եւ առաջ շարժվել; Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, «Հավերժների այգում» ծառատունկի միջոցառման ժամանակ իր խոսքում նշեց Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը:

«Աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր հայեր եւ ոչ միայն հայեր, այսօր մեզնից օրինակ են վերցնուոմ՝ ինչպես լինել ուժեղ, ինչպես չընկճվել, ինչպես ցավի, տառապանքի ճիրաններից փորձել դուրս գալ, հաղթահարել կարոտի դառնությունը եւ շարունակել քայլել առաջ գլուխներս հպարտ պահելով, որովհետեւ մենք եզակի տղաների ծնողներ ենք, որովհետեւ մենք եզակի տղաներ ենք լույս աշխարհ բերել ու անմնացորդ նվիրել Հայաստան աշխարհին: Շնորհակալություն, որ հավերժ եք պահում նրանց հիշատակը: մենք կանցնենք, կգնանք, բայց Թումանյանի խոսքով, գործն է անմահ, որ մնում է դարեդար»,-ասաց նա:

Նշենք, որ «Թովմասյան» միջազգային հիմնադրամի կառուցած «Հավերժների այգում» այսօր մեկնարկել է ծառատունկի առաջին փուլը, որին մասնակցում է պատերազմում զոհված շուրջ 200  զինվորի ծնող։

Գիտության, մշակույթի, սպորտի շուրջ 100 հեղինակավոր մարդու անունով ծառեր կտնկվեն թե՛ անձամբ իրենց ձեռքով, թե՛ ժառանգների, և թե՛ նրանց անվան հետ առնչվող պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից։