Էլեկտրամեքենաների ամերիկյան արտադրողը՝ Tesla-ն, կանգնեցնում է ավտոպիլոտի նոր տարբերակի թեստավորումն առաջ եկած տեխնիկական խնդիրների պատճառով։ Այս մասին տեղեկացրել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Որոշ խնդիրներ տեսանք 10.3 տարբերակում, այնպես որ վերադառնում ենք 10.2 տարբերակին»,- գրել է նա Թվիթերում։

Ավտոպիլոտի 10.3 տարբերակի բետա-թեստավորումը սկսվել է հոկտեմբերի 14-ին։ Դրան կարող էին մասնակցել այն սեփականատերերը, որոնց անվտանգության վարկանիշը, ընկերության գնահատականոներով, կազմում է 100-ից 99 բալ։ Նախօրեին Մասկը տեղեկացրել էր, որ որակի վերահսկման ծառայությունը խնդիրներ է հայտնաբերել համակարգի արագ գործունեության հետ կապված՝ կարգավորվող խաչմերուկներում ձախ թեքվելու ժամանակ։

Վարորդի օգնության առաջավոր համակարգի առաջին տարբերակը (ADAS) Tesla-ն ներկայացրել էր 2014թ., ընկերությունն իր ծրագրերում հայտարարում է այն մասին, որ հասնելու է բարձրագույնին՝ ավտոմատացման հինգերորդ մակարդակին, երբ մեքենան կարող է շարժվել առանց վարորդի, ճանապարհային ցանկացած պայմաններում։ Այդ տեխնոլոգիան բետա-թեստավորում է անցնում, բայց տեղադրված է Tesla-ի միայն մի քանի հազար էլեկտրամեքենաների վրա, որոնց մեծ մասը ընկերության աշխատակիցներինն է։