Չի բացառվում, որ փողոցային պայքարը (հանրահավաքներ, երթեր, ճանապարհների փակում) կարող է սկսվել նոյեմբերի 9-ից շուտ։ Այս մասին հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ ցանկացած պահի կարող են ցանկացած պահանջներ դրվել՝ ելնելով իրադարձությունների զարգացումից։

«Նոյեմբերի 9-10-ի հանրահավաքների առումով մենք դիմել ենք 20 օր առաջ։ Մեր խնդիրն այն է, որպեսզի օգտագործենք բոլոր հնարավոր մեթոդները՝ խուսափելու համար հերթական իրավիճակի ստեղծումից, որը կհակասեր հայկական շահերին։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի կանխենք գործընթացը, ոչ թե արձագանքենք պոստֆակտում։ Բոլոր գործընթացները, այդ թվում բանակցային, որոնք վարում են իշխանությունները, պետք է լինեն հրապարակային։ Պետք է լինի հանրության եւ սփյուռքի ներգրավվածություն։ Չեն կարող քարտեզները կամ փաստաթուղթը դրվել հիմքում, եթե չկան հետազոտություններ Հայաստանի կողմից։ Այս մասին ասել է նաեւ Փաշինյանը։ Եթե ասել է եւ շարունակում է անել նույնը, ուրեմն նա պետք է պատասխան տա դրա համար։ Ընդդիմադիր ուժերը չունեն միմյանց հետ մրցակցելու խնդիր, այլ դրված է ազգային սպառնալիքներին դիմակայելու խնդիրը։ Մենք միշտ ասել ենք, որ պայքարը պետք է վարվի բոլոր հնարավոր ուղղություններով»,- նշեց Մինասյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, իր հերթին, պատրաստակամություն հայտնեց սատարելու իրական ընդդիմության ցանկացած միջոցառման, որն ուղղված կլինի Հայաստանի շահերին հակասող գործընթացների դեմ պայքարին։

«Ինչ վերաբերում է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությանը, ապա նա չի կարող գտնվել կոմֆորտի գոտում, երբ մի ինչ-որ կապիտուլյանտ ոչնչացրել է անկախ Հայաստանի գլխավոր ձեռքբերումը»,- ավելացրեց նա։