ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ դեռ վաղ է մեկնաբանել 10 երկրների դեսպաններին պերսոնա նոն գրատա հայտարարելու Թուրքիայի որոշումը։ Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի Հելսինկիում Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ համատեղ մամուլի ասուլիսին։

«Քանի դեռ մենք չգիտենք, թե ինչ արդյունք կունենան Թուրքիայի եւ ներգրավված երկրների միջեւ շփումները, վաղ է որեւէ բան ասել»,- ասել է նա։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ «առայժմ ոչ մի միջոց չի ձեռնարկվել», ինչի կապակցությամբ պետք է սպասել Անկարայի եւ 10 երկրների միջեւ բանակցությունների արդյունքներին։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտնել էր, որ հանձնարարել է ԱԳՆ-ին պերսոնա նոն գրատա հայտարարել 10 երկրների դեսպաններին, ովքեր հայտարարություն են արել իրավապաշտպան Օսման Քավալայի դատավարության վերաբերյալ։ Թուրքիայի նախագահը հինգշաբթի քննադատել էր ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի եւ Նոր Զելանդիայի դեսպաններին՝ ասելով, որ նրանք միջամտում են երկրի դատական ​​գործերին։ Ինչպես հաղորդում է Անատոլիական գործակալությունը, նրանք կանչվել են Թուրքիայի ԱԳՆ։

Թուրքական իշխանությունների կողմից հեղաշրջման փորձին մասնակցության մեջ մեղադրվող Քավալան ձերբակալվել էր 2017 թվականի հոկտեմբերի 18-ին Ստամբուլի օդանավակայանում։ Նույն թվականի նոյեմբերի 1-ին դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել՝ «սահմանադրական կարգը փոխելու եւ գործող իշխանությանը հեռացնելու փորձի համար»։ Թուրքիայի իշխանությունները Քավալային նաեւ ներգրավված են համարել 2013 թվականին տեղի ունեցած բողոքի ակցիաներին։

2020 թվականի փետրվարին Ստամբուլի դատարանը որոշեց արդարացնել եւ ազատ արձակել ակտիվիստին, սակայն նույն օրը դատախազությունը կրկին թույլատրել էր կալանավորել նրան: