Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում օրերս Վրաստանի լրագրության ռեսուրս կենտրոնի (JRC) ներկայացուցիչները հանդիպել են ագրարային ոլորտի դասախոսների, փորձագետների և լրագրողների հետ։

JRC-ի գործադիր տնօրեն Նատիա Կուպրաշվիլին, ծրագրերի համակարգող Նուգզար Սուարիձեն և ծրագրի աջակից Mercy CORPS–ի ներկայացուցիչ Նոնա Սամխարաձեն քննարկման մասնակիցներին փոխանցել են կառուցողական ագրոլրագրության մասին տեղեկատվություն՝ ներկայացնելով վրացական և միջազգային փորձը՝ կապված բուհերի հետ համագործակցելու, հետազոտական աշխատանքների կազմակերպման և ագրոլրագրության ընտրովի/պարտադիր դասընթացներ անցկացնելու հետ։

Թբիլիսիի պետական համալսարանի դոցենտ, մեդիափորձագետ Նատիա Կուպրաշվիլին շահագրգիռ կողմերին ներկայացրել է ագրոլրագրության ուսումնական ծրագիրը,  որն այժմ դասավանդվում է Վրաստանի մի քանի բուհերում՝ առաջարկելով դիտարկել ագրոլրագրության ֆորմալ կամ ոչ ֆորմալ դասընթացների միջազգային փորձի տեղայնացման հնարավորությունները Հայաստանում։

 «Աշխարհում այսօր ագրոլրագրությունն օգտակար և գրավիչ ոլորտ է, որով հետաքրքրված են ոչ միայն լրագրողները, այլ նաև՝ ֆերմերները, ագրոբիզնեսում ներդրումներ կատարողները, գյուղատնտեսական հումք վերամշակող ընկերություններն ու պետությունը։ Կարծում եմ՝ Հայաստանում կա ագրոլրագրության զարգացման թե՛ անհրաժեշտությունը, թե՛ ներուժը, հատկապես այն պարագայում, երբ ագրարային ոլորտի մասին տեղեկատվության որոնումը, հավաքումը, վերլուծությունն ու փոխանցումն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով դժվար է նպատակայնորեն կազմակերպել ու կառավարել» , – ասել է Հայաստանի ազգային ագրարային ագրարային համալսարանի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանը։

Քննարկման մասնակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները ագրոլրագրության ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ։