Հայաստանի պետական պարտքը բավական լուրջ է։ 2022թ. այն կհասնի 4 տրլն 740 մլրդ դրամի։ Այս մասին հոկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովում 2022թ. բյուջեի քննարկման ընթացքում ասաց հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Դա, նրա խոսքով, ՀՆԱ մոտ 70 տոկոսն է։

«Այնուամենայնիվ, առաջիկա հինգ տարում այդ ցուցանիշը կիջնի 60 տոկոսից ցածր մակարդակի։ 2022թ. վերջին պետպարտքը կկազմի պարտքի ընդհանուր ծավալի 69 տոկոսը։ Մենք ձգտում ենք փոխել կառուցվածքը ի հաշիվ ներքին պարտքի ավելացման, ուստի հաջորդ տարվա վերջին մեր ներքին պարտքը կկազմի 31 տոկոս»,- խոստացավ Խաչատրյանը։

Ինչպես նշեց նախարարը, առաջիկա հինգ տարում հարկերի բաժինը ՀՆԱ-ում մինչեւ 2026թ. պետք է հասնի 25 տոկոս նիշին։

«2021թ. արդյունքներով այդ հարաբերակցությունը սպասվում է 22,5 տոկոսի մակարդակում։ Հետեւաբար, առաջիկա հինգ տարում այն պետք է տարեկան բարձրացնել առնվազն 0,5 տոկոսային կետով։ Մետաղական խտանյութերի եւ ձուլվածքի արտահանման պետական տուրքը կօժանդակի դրան 0,4 տոկոսային կետով»,- ընդգծեց ֆինանսների նախարարը։

Բացի այդ, եկող տարի կշարունակեն բարձրանալ պետպարտքի սպասարկման կառավարության ծախսերը։ 2022թ. դրանք 185,5-ից կհասնեն 214,4 մլրդ դրամի կամ կավելանան 15 տոկոսով։

«Կավելանա նաեւ պարտքի տոկոսային բեռնվածությունը՝ 4,6-ից մինչեւ 5 տոկոս։ Բայց, ինչպես արդեն ասացի, դա տեղի կունենա ի հաշիվ ներքին պարտքի աճի պետպարտքի ընդհանուր պորտֆելում։ Այս դեպքում խոսքը պետական փոխառությունների մասին է։ Այսպիսով, չնայած մենք կվճարենք ավելի բարձր տոկոսներ, բայց եւ այնպես, այդ վճարները կմնան երկրի ներսում, այլ ոչ թե կգնան արտասահման»,- բացատրեց Խաչատրյանը։