44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 30-րդ՝ հոկտեմբերի 26

Ուղիղ կեսգիշերին հաղորդագրություն տարածվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանըեւ Ջեյհուն Բայրամովը հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատել իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների  հոկտեմբերի 1-իհայտարարության:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքում գրել է, որ հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որ իրենք Վաշինգտոնում հանդիպել են ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների հետ, նաեւ մասնակցել են ԱԳ նախարարների եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգունի հետ համատեղ հանդիպմանը:

«Ինտենսիվ բանակցությունների ընթացքում համանախագահներն ու ԱԳ նախարարները քննարկել են հումանիտար հրադադարի իրականացումը, հրադադարի պահպանմանը հետեւելու հնարավոր պարամետրերը եւ հոկտեմբերի 10-ի Համատեղ հայտարարության համաձայն՝ համապարփակ լուծման հիմնական նշանակալի տարրերի շուրջ քննարկումների սկիզբը: Համանախագահներն ու ԱԳ նախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել հոկտեմբերի 29-ին Ժնեւում, որպեսզի քննարկեն, համաձայնության գան եւ, ըստ ժամանակացույցի  սկսեն բոլոր քայլերի իրագործումը, որոնք անհրաժեշտ են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ համաձայն Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների ընդունած հիմնական սկզբունքների», նշված էր հայտարարությունում:

Ամերիկահայերը բողոքի զանգվածային ցույց են իրականացրել, որը մեկնարկել է աղոթքով և Նյու Յորքի Ջորջ Վաշինգտոնի անվան կամրջով անցնող արդարության երթով: Ամերիկայի «Հայ Դատի» հանձնախումբը հայտնել է, որ հազարավոր հայեր և նրանց աջակիցները հավաքվել են Նյու Յորքում և Յու Ջերսիում՝  իրազեկելով Արցախում տիրող պատերազմի և մարդասիրական ճգնաժամի մասին:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ֆեյսբուքում գրել է․  

«Դոնալդ Թրամփն այսօր Նյու Հեմշիրում ակնարկեց, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը», ապա մեջբերել Թրամփի խոսքերը․

«Այստեղ ներկա է Հայաստանը, նայեք հայերին: Նրանք հիասքանչ մարդիկ են, նրանք կատաղի կռվողներ են, և գիտե՞ք ինչ, մենք մի բան կանենք նրանց օգնելու համար: Նրանք դժվար օրեր են ապրում, բայց  երեկ մենք Օհայոյում հանդիպեցինք հիանալի հայերի խմբի, որոնք դրոշով էին և իրենց ոգով: Այն խնդիրները, որոնք նրանք ունեն, մահերը, մարտերը, այդ ամբողջը կկարգավորվի: Ես կարծում եմ, որ հեշտ կկարգավորվի: Վերադարձեք և ասեք ձեր ժողովրդին, որ հարցը կլուծվի: Եթե գիտես՝ ինչ ես անում, ապա ամեն ինչ հեշտ է, ինչպես Կոսովոյի դեպքում՝ Սերբիայում: Մենք դա արել ենք Կոսովոյի հետ. դուք կարո՞ղ եք ինձ հավատալ»։

Իրենց ֆեյսբուքյան էջերում նույնաբովանդակ գրառումներ են արել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը եւ «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ: Ինչպես հայտնի է, Թրամփի ակնարկներն իրականություն չեն դարձել։

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը շնորհավորել է Հայաստանին եւ Ադրբեջանին հրադադարի ռեժիմի մասին պայմանավորվածության կապակցությամբ:Նա հիշեցրել է, որ հանդիպել է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Սպիտակ տանը, նախօրեին էլ հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Արցախի նախագահ Արահիկ Հարությունյանը Ֆեյսբուքում ողջունել է ԱՄՆ-ի միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունը:

«Արցախի Հանրապետությունը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմ, հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները, որն ուժի մեջ կմտնի 2020 թ. հոկտեմբերի 26-ին, 08:00-ին»,- գրել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում շնորհավորել է ՀՀ վարչապետ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւին, «որոնք հենց նոր համաձայնության եկան կեսգիշերից սկսած պահպանել հրադադարի ռեժիմը։ Շատ կյանքեր կփրկվեն»։Նա նաեւ շնորհակալություն է հայտնել իր թիմի անդամներ Մայք Պոմպեոյին, Սթիվ Բիգանին եւ Ազգային անվտանգության խորհրդին՝  «համաձայնությունը գլուխ բերելու համար»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է

«Ինչպես եւ համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում, ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը»։

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դրական է գնահատել հոկտեմբերի 26-ին հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածության ձեռքբերումը։

Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որ  Ադրբեջանի ՊՆ-ն դեռևս 08:00-ն չլրացած, շտապել է հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրել է այդ տեղեկությունը:

«Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:Արցախի ՊՆ-ն հայտարարում է, որ ՊԲ-ն խստորեն հետևում է ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում», նշված էր հաղորդագրությունում:

Կանադայի ԱԳՆ ղեկավար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը Թվիթերում գրել է

«Զրուցել եմ Զոհրաբ Մնացականյանի հետ: Մենք շարունակում ենք արտաքին կողմերին կոչ անել չխառնվել հակամարտությանը և հանդես ենք գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) կողմից հակամարտության կարգավորման մեխանիզմի ստեղծման օգտին»:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրել է

«Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմանում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ»:

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ցամաքային զորքերի հրամանատար Մոհամադ Պակպուրը, սահմանամերձ շրջաններ այցելության ժամանակ հայտարարել է, որ սահմաններին ցանկացած վտանգ և սպառնալիք կհանդիպի պատասխան միջոցառումների: Նա ընդգծել է, որ Իրանի ԻՀՊԿ ուժերը տեղակայվել են Իրանի հյուսիս-արեւմտյան սահմաններին, երկրի այդ տարածքները պաշտպանելու համար:Նա ընդգծել է, որ Իրանը հարգում է հարեւան երկրների տարածքային ամբողջականությունը, բայց չի կարող հաշտվել սահմանների բնույթի որեւէ փոփոխության հետ:

Նշենք, որ Արցախում պատերազմի սկզբից ի վեր Իրանի տարածքում մի քանի հրթիռ է ընկել, սակայն, ըստ ռազմական վերլուծաբանների՝ ԻԻՀ մտահոգությունը պայմանավորված էր ադրբեջանական ԶՈՒ սպառազինության մեջ առկա իսրայելական ԱԹՍ-ների՝ հետախուզական նպատակներով լայն կիրառմամբ, որոնք կարող էին դիտարկել Իրանի տարածքը:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հրադադարի հերթական խախտումը գրանցվել է ժամը 09:10-ի սահմանում.

«Հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ»:

Քիչ անց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտել է նաև երրորդ անգամ․

«Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք-ոսոխից: Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը, մեզ պետք է ուղեկցի միայն դեպի հաղթանակ»,-նշել է նա:

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնել է, որ ժամը 8։00-ից հետո հանրապետության խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է։

«Հանրապետության բնակավայրերում մինչ այս ժամը պահպանվում է հումանիտար հրադադարի ռեժիմը»։

Այս հաղորդագրությունը տարածվել է Վարամ Պողոսյանի գրառումից րոպեներ անց՝ 9։45-ին։ 

9։50-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց, որ հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքում գրել է

«Տիգրանակերտ. արքայից արքայի քաղաքն առաջին պատերազմի ժամանակ ազատագրվել է, իսկ այս անգամ կտոնի հայ ժողովրդի նոր հաղթանակը: Այս պատմական ժամանակահատվածում, սա, իրապես, մեր վերջին պատերազմն է, որը համազգային ջանքերով պարտավոր ենք կրկին հաղթելու»:

Վահրամ Պողոսյանը չի պարզաբանել, թե ինչու է հանկարծ հիշել Տիգրանակերտը եւ ինչպես էր այն տոնելու․․․ նոր հաղթանակը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ է  ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հնարավորության վերաբերյալ դիրքորոշմանը։

«Լեռնային Ղարաբաղի հետ կապված պատմությանը Ռուսաստանի եւ Թուրքիայի ներգրավվածության բնույթը իր նրբություններն ունի։ Չենք թաքցնում, որ չենք աջակցում այս հիմնախնդրի ռազմական լուծման հնարավորության եւ թույլատրելիության մասին դիրքորոշումը։ Երկու ժողովուրդներին՝ ե՛ւ հայ, ե՛ւ ադրբեջանցի, դիտարկելով որպես բարեկամական եւ եղբայրական, մենք չենք կարող համաձայնել նման ձգտումներին։Գաղտնիք չէ, որ օբյեկտիվ պատճառներով մի շարք տարածաշրջանային հարցերի կարգավորմանը մեր եւ Թուրքիայի մոտեցումները կարող են զգալիորեն տարբերվել»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, շեշտելով, որ խաղաղ լուծման կողմնակից համանախագահների «եռյակն» է այս հակամարտությունում համընդհանուր ընդունված ձեւաչափը։

«Թուրք գործընկերներին համոզում ենք խաղաղության գծի աջակցության շահերում իր ազդեցության կիրառման նպատակահարմարությունը։ Մենք բոլոր արտաքին խաղացողներին կոչ ենք անում ամեն ինչ անել, ռազմական սցենարի հետագա ծավալում թույլ չտալու համար, դատապարտելու կողմերի էմոցիաները, ակտիվացնելու խաղաղ գործընթացի վերագործարկման համար պայմանների ստեղծման աշխատանքը»,- ամփոփել է ՌԴ ԱԳ նախարարը։

Ժամը 11-ին ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է

«ՀՀ ՊՆ-ն ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ:Այս առումով, ՀՀ ՊՆ-ն  կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդրությամբ ռազմագերիների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը»:

Րոպեներ անց Արցախի ԱԻՊԾ-ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում․

«Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակներով ձեռք բերված  կրակի դադարի մասին պայմանավորվածությունը»:

ՀՀ-ում ԵՄ  գրասենյակի դիմաց արցախցի կանայք ու երեխաները բողոքի ակցիա են արել «Ճանաչեք Արցախի  անկախությունը», «Կույր մի եղեք», «Մենք խաղաղություն ենք ուզում» վանկարկումներով։

«Եվրոպական միություն, դուք հանցավոր եք ձեր չեզոքությամբ, այս պատերազմում պետք է միջազգային ահաբեկչության դեմ  պայքարեք, փաստերով ապացուցված է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ահաբեկիչներ են բերել Արցախի սահման, ինչո՞ւ եք լռում»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից Լիանա Ադամյանը։

ԵՄ գրասենյակի անվտանգության աշխատակիցներն ասել են, որ համավարակով պայմանավորված ՀՀ-ում ԵՄ գրասենյակում աշխատող չկա, բացի իրենցից եւ  առաջարկել են նամակը հանձնել ու հեռանալ կամ էլ հաջորդ օրը երեք հոգով  ներկայանալ։Ակցիայի մասնակիցները այնուամենայնիվ չեն դադարեցրել բողոքի ակցիան եւ խոստացել հաջորդ օրն էլ գալ։

Արցախի ՊԲ-ն տեսանյութ է տարածելկամավորների մասին:

«Մինչեւ վերջին պահը կռվելու ենք եւ նպատակը հաղթանակն է: Վճռական ենք տրամադրված, սա հայ ազգի համար կենաց-մահու պայքար է:Սա բոլորիս խնդիրն է, բոլորս պետք է գիտակցենք ու մեր հողը պաշտպանենք: Սարի պես կանգնած ենք, ամեն ձեւի պատրաստ ենք։ Բոլորս այս պահին այն համոզմունքն ունենք, որ պետք է բոլոր դժվարություններին դիմանանք, ջախջախենք թշնամուն եւ դրանով պաշտպանենք մեր ապրելու, գոյություն ունենալու իրավունքը»,-ասել են կամավորները:

Ժամը 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է

«Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է: Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին»:

«Ինֆոտեկա 24» թելեգրամ-ալիքը հայտնեց, որ Վրաստանը թույլ չի տալիս Վերին Լարսի սահմանային անցակետով շտապ օգնության մեքենաների խմբաքանակի մուտքը Հայաստան: Մեքենաները, որպես մարդասիրական օգնություն,  ուղարկել էր Ռուսաստանի հայ համայնքը:  

Հոլիվուդյան դերասան եւ ռեժիսոր Մել Գիբսոնը Արցախում պատերազմի մասին ուղերձ է հղել ու հայտարարել, որ աղոթում է ինչպես ամբողջ հայության, այնպես էլ հակամարտության խաղաղ լուծման համար։

«Խորը ցավով տեղեկացա հայկական Արցախում հակամարտության վերջին սրման մասին։ Ես այստեղ՝ ԱՄՆ-ում, բազմաթիվ հայ ընկերներ ունեմ, եւ նրանք պատմում են իրենց տառապանքի, մտերիմների կորստի մասին։Ես շատ եմ հարգում հայ ազգին՝ շատ ամուր ու մեծահոգի։ Նա ստիպված է եղել հսկայական դժվարությունների բախվել։ Ինչպես գիտենք դուք եւ ես, այդ մարդկանց կարողություններն անսահման են», ասել է Մել Գիբսոնը։

Razm.info-ի թելեգրամյան ալիքը հայտնել է, որ թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք է իրականացնում հայ-թուրքական սահմանի մոտ` Գյումրիի օդանավակայանից մոտ 25 կմ հեռավորության վրա:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարել է  կամավորների հավաքագրում արտասահմանյան լրատվամիոցների հետ   տարվող աշխատանքներում աջակցելու նպատակով, ներկայացրել այն հմտությունները, որոնք պետք է ունենան կամավորները։   

ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հայտնեց, որ դիմումներ է ստանում տարբեր կառույցներից` իրենց մասնագետների համար առաջին բուժօգնության և քաղպաշտպանության թեմաներով արագացված ուսուցում կազմակերպելու խնդրանքով: 12 օրում ավելի քան 900 մարդ է վերապատրաստվել:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վաշինգտոնում ԼՂ հարցով բանակցությունները եւ շեշտել, որ  ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, որը գտնվում է սուր փուլում, չի կարող եւ չպետք է լինի մրցակցության հարթակ: Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի կանխել պատերազմը:

«Խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,-ասել է Պեսկովը: 

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է հակառակորդի կորուստների վիճակագրությունը․ 220 խոցված ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, կորցրել է 600 միավոր զրահատեխնիկա, 6 «ՏՕՍ»,  6674 սպանված:

Հիշեցնենք, որ 2021թ․ սեպտեմբերի 27-ին ԵԽԽՎ ընդունած բանաձեւում նշված էր, որ ամբողջ պատերազմի ընթացքում հայկական կողմից զոհվել է 3900, ադրբեջանական կողմից՝ 2900 զինծառայող։ Հավանական է, որ Բաքուն կոծկում է իր իրական կորուստների թիվը, որտեղ ներառված չեն ոչնչացված թուրք զինծառայողներն ու վարձկան ահաբեկիչները։

Ժամը 14-ից րոպեներ անց Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց հակառակորդի կողմից հրադադարի խախտումների մասին

«Չնայած հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես ժամը 13:50-ի սահմանում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ:ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար»:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրեց, որ արդեն ակնհայտ է դառնում, որ պայմանական երրորդ աշխարհամարտը Մերձավոր Արեւելքում է լինելու ու արդեն պետությունների կոալիցիաներն են ուրվագծվում․

«Թուրքիան վտանգավոր գաղափարախոսություն է ընտրել, որը սպառնում է արդեն մեծ երկրներին ու մշակութաբանական սպառնալիք է իրենից ներկայացնում։Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներում մի շատ կարեւոր վիճակ է ստեղծվել, որտեղ Անտանտի դերը կարող է Մինսկի խումբը կատարել։Համաշխարհային վտանգը կրող երկիրն արդեն ուրվագծվում է, վտանգավոր գաղափարախոսությունը թուրանիզմն ու իսլամիզմն է, սպառնալիքի տակ գտնվող երկրները նույնպես հայտնի են։

Մեծ Խաղը, կամ Մեծ Որսը դեռ նոր է սկսվում»։

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը NEWS.am-ին հայտնեց, որ շտապօգնության 4 մեքենաներով բարձված բեռնատարը հատել է ռուս-վրացական սահմանի անցակետն ու շարժվում է դեպի Հայաստան։ Ռուսաստանի հայ համայնքի օգնությամբ բեռնված երկրորդ բեռնատարի հարցը դեռ քննարկվում էր։

Bombardier Recreational Products (BRP) ընկերությունը հայտարարել է, որ դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումները «անորոշ օգտագործմամբ երկրներ», այն հաղորդագրություններից հետո, որ այս շարժիչներից մի քանիսն օգտագործվում են թուրքական ռազմական անօդաչու թռչող սարքերում, որոնք Ադրբեջանի կողմից տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ մարտերի ժամանակ։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխպնախագահ Վահե Էնֆիաջյանը Ֆեյսբուքում գրել է, որ Գագիկ Ծառուկյանի կոչով եւ գլխավորությամբ ձեւավորվել է մարտունակ ջոկատ մարտական բարձր պատրաստվածությամբ, որտեղ ներգրաված են նաեւ հմուտ եւ հատուկ պատրաստվածություն անցած զինվորականներ, տեխնիկապես կազմակերպված ու զինված եւ իհարկե արիական եւ մարտական բարձր ոգով։

Արցախի ՄԻՊ աշխատակազմը տեղեկություն է ստացել, որ ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 25-ին հաստատված՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել Արցախի քաղաքացիական բնակավայրերը:

«Երդվյալ ազատամարտիկների միության» հիմնադիր-հրամանատար, Մարտական խաչի ասպետ Ռուբեն Գեւորգյանն Արցախից կոչ է տարածել

«Սիրելի՛ հայ ժողովուրդ, սիրելի՛ տղերք, ջարդել է պետք թշնամուն, այս պատերազմը գոյի կռիվ է, Արցախի լինել-չլինեու հարցը:Պատերազմում ենք ոչ միայն ազերի, այլեւ հենց թուրքի դեմ, այն թուրքի, որը վերջերս հաճախ էր գովազդվում որպես «բարեկիրթ, խաղաղ եւ սպիտակ» տեսակի:

Դու՛ք, հոգով հիվանդնե՛ր, գուցե արդեն հասկանում եք, որ այսօրվա ձեր սպիտակ թուրքը նույն սեւ թուրքն է, որի երազանքն է միշտ եղել բնաջնջված տեսնել մեր Հայոց երկիրը:Պատերազմը հաղթելու համար ամենահուսալի ուժը մենք ենք՝ ողջ հայ ժողովուրդը, Հայրենիքի համար մաքառող մարդն է, զինվորն ու ազատամարտիկը:Առյուծածին մայրեր, սիրելի քույրեր, մենք՝ կռվողներս, խոնարհվում ենք Ձեր առաջ, Ձեր արցունքի առաջ եւ ամեն մի կաթիլ արցունքը ծով վրեժ դարձած մեր հոգիներում, պարտավորված ենք այս պատերազմում առավել դաժան պատժել թշնամուն:Ոչ ոք չկասկածի – Հաղթելու ենք,- նշել է Գեւորգյանը։

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ Զինված ուժերի զորավարժարաններում շարունակվում են Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված կամավորականների մարզումները:

16։30-ին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել է

«Ծանր մարտեր են Արցախի հարավ-արեւելքում»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախաշեմին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննադատել է համանախագահներին:

«Ինչո՞ւ Մինսկի խումբը 28 տարվա ընթացքում չկարողացավ լուծել խնդիրը: Այցեր, հանդիպումներ, բանակացություններ. մենք մինչեւ կոկորդը կուշտ ենք այդ բանակցություններից: Ինչքա՞ն կարելի է բանակցություններ վարել թշնամու հետ»,-ասել է Ալիեւը եւ հայտարարել․

«Հայաստանին ու միջազգային հանրությանը ձեռնտու է եղել այդ իրողությունը, նրանք փորձել են ստիպել մեզ ընդունել դա: Սակայն մենք փոխել ենք իրականությունը, եւ դա պետք է հաշվի առնել»,-հավելել է Ալիեւը:  

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին այցելել է Խուդաֆերինի շրջան:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը NEWS.am-ին հայտնել է, որ ռազմական ակտիվ գործողություններ են ընթանում Արցախի հարավ-արեւելյան սահմանում:

«Մասնավորապես, հակառակորդն օգտագործում է թե հրետանի, թե դիվերսիոն խմբեր: Օրվա ընթացքում նաեւ օգտագործեց ռազմական ավիացիա՝ հիմնականում խաղաղ բնակավայրերը ռմբակոծելու նպատակով, որտեղ որեւէ ռազմական օբյեկտ չկա: Կարող ենք միանշանակ ասել, որ այն պահից, երբ պետք է ուժի մեջ մտներ ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, րոպեներ անց Ադրբեջանը Արցախի նկատմամբ կրկին սկսել է ռազմական ակտիվ ագրեսիան, եւ այս պահին այն շարունակվում է»,-ասել է նա:

Վահրամ Պողոսյանի խոսքով, սահմանի մյուս հատվածներում վիճակը համեմատաբար ավելի հանգիստ է.

Քիչ անց Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքում գրել է

«Կապի ոլորտի մեր հերոսները. նրանք թշնամու արկերի ու հրթիռների տարափի տակ շարունակում են իրենց անխոնջ ծառայությունը՝ արագ վերացնելով ստեղծված բոլոր խնդիրները։

«Ձեռք-ձեռքի տված #հաղթելու_ենք»:

Վարչապետի միջնորդությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վաղինակ Սարգսյանին ՀՀԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնիցազատելու մասին:

Վ․Սարգսյանն այդ պաշտոնին էր  նշանակվել էր 2018 թվականի հունիսի 11-ին: 

ՀՀ նախագահի հաջորդ հրամանագրով, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակվել Արման Մարալչյանը:

Սիրիայի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Հալեպում, հազարավոր հայեր, արաբներ բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ ադրեջանաթուրքական ագրեսիայի, ինչպես նաեւ զորակցություն հայտնել հայ ժողովրդին եւ Արցախին։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է, որ ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է, հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային եւ ռեակտիվ հրետանի, նաեւ` տանկեր:

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնել է, որ թշնամական ուժերը Գրադի եւ Սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաեւ Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում, որը վերնագրել էր «Հերթական ձախողված հրադադարի մասին»:

«Արցախի ՊԲ-ն առավոտից շատ զսպված է եղել, բայց այնուամենայնիվ օրվա երկրորդ կեսին կարելի էր արձանագրել, որ հրադադարն, ըստ էության, տեղի չի ունեցել: Արդեն 3-րդ անգամ չհաջողվեց հրադադարը պահպանել»,-ասել է Փաշինյանը, նշել, որ կեսգիշերն անց հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ եւ ասել․ «Քանի որ սա իրենց համար առաջին հրադադարն է, իսկ մեզ համար երրորդը, ես կարող եմ մոտավորապես կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու վաղը: Ասել եմ, որ վաղը մեծ հավանականությամբ հրադադարը չի պահպանվի, մեծ հավանականությամբ Ադրբեջանը կասի, որ հայկական կողմն է հրադադարը խախտել»:

«Եթե ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան չեն կարողանում հրադադար հաստատել այս հակամարտության գոտում, դա նշանակում է, որ մենք հենց հիմաապրում ենք բոլորովին ուրիշ աշխարհում»,-ասել է ՀՀ վարչապետը:

Ըստ Փաշինյանի, հայկական կողմն ամբողջ ընթացքում եղել է մաքսիմալ ճկուն, բայց հենց մի բանի համաձայնել է, Ադրբեջանն անմիջապես ավելին է պահանջել․

«Ադրբեջանը ուզում է առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա։ Ես հիմա ուզում եմ, որ մենք պատասխանել մի հարցի. հայ ժողովուրդը պատրա՞ստ է արդյոք փոխզիջումների: Ես կարծում եմ, որ այո, հայ ժողովուրդը պատրաստ է դրան: Մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց արդյոք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլյացիայի: Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը դրան պատրաստ չէ», ասել է նա:

Նույն եթերում Ն․Փաշինյանը նաեւ ասել է

«Այս հարցի լուծման մի տարբերակ կա, որ յուրաքանչյուր հայ այս օրակարգին նվիրված լինի նույնչափ, որքան նվիրված կանգնած են զինվորները առաջնագծում: Մենք առյուծի նման տղերք ունենք եւ մենք նրանց պետք է պատշաճ գնահատանքի արժանացնենք»:

Փաշինյանը հիշեցրել է, որ Վազգեն Սարգսյանը ժամանակին խոսում էր մարտի դաշտից փախածների մասին.

«Այսօր էլ մենք ունենք այդպիսի երեւույթ: Իհարկե, պատերազմում փլավ չեն բաժանում, իհարկե, պատերազմը բերում է քաոսային իրավիճակներ, բայց բոլորը պետք է իմանան, որ մարտի դաշտից փախածը պետք է արժանանա հանրային ամենասուր պարսավանքի եւ որեւէ պատճառաբանություն չի ընդունվելու»: 

Նա պատմել է, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որ բժիշկն ու քաղաքացին համաձայնության են եկել, որպեսզի գրեն, որ կորոնավիրուսով հիվանդ է, որպեսզի քաղաքացին զորահավաքից խուսափի, ինչը նա  դավաճանություն է որակել․

«Այսօր ամբողջ պետությունը, բոլոր քաղաքացիները պետք է պատերազմական ռեժիմի մեջ լինեն. այսօր պետք է զինկոմիսարիատների առջեւ 24 ժամ հերթեր գոյացած լինեն դիմակներով:Հիմա ինչքան էլ Ադրբեջանում մտածեն, որ հեսա մի քիչ էլ, ու իրենց ուզածը կլինի, հայ ժողովուրդն իր արձագանքով պետք է ցույց տա, որ չէ, կապիտուլյացիա չի լինելու, կոտրվել չի լինելու, հանձնվել չի լինելու»,-ասել է նա:

Ֆեյսբուքյան լայվում նաեւ դժգոհել է պատվախնդրության պակասից

«Այսօր մեր երկրում պետք է թասիբը եռար: Սփյուռքում այդ թասիբը եռում է, Հայաստանում դեռ այդքան չի եռում: Այստեղ մեծ դեր ունեն մեր կանայք, որոնք մեր տղամարդկանց պետք է ասեն՝ էս իրավիճակում որեւէ երկմտություն որեւէ մեկի կողմից չի ներվելու:

Իմ հրամանն էն է, որ ամեն տղամարդ հենց հիմա պետք է ոտքի կանգնի եւ գնա զինկոմիսարիատ: Սա հազարամյա կռիվ է»,-ընդգծել է Փաշինյանը:

Տպավորություն է, որ ճակատում անհաջողությունները ՀՀ վարչապետը պայմանավորում է «թասիբի չեռալով», սակայն պատերազմի մասնակիցների բազմաթիվ վկայությունները փաստում են, որ Արցախ մեկնած կամավորների խմբերը հստակ չեն ուղղորդվել ու կառավարվել, պատերազմը կազմակերպված չի կառավարվել, քաոտիկ իրավիճակները եղել են պատերազմի մշտական ուղեկիցը, որ «իրադրությունը գտնում է ՊԲ ստորաբաժանումների վերահսոկղության ներքո» կրկնվողարտահայտությունը չափազանցություն էր, որ պատերազմի առաջին ժամերին սպառազինության չկանխված ջլատումն էր դարձրել խոցելի հայկական ԶՈւ-ն ու նրա դիրքերը, ոչ թե թասիբի պակասը։ «Այստեղ մեծ դեր ունեն մեր կանայք» ՀՀ վարչապետի արտահայտությունը հետագայում հանրությունը կտեսնի կիրառության մեջ՝ ի դեմս նրա տիկնոջ ու 13 հոգանոց ջոկատի, որի մարտական գործողություններին «մասնակցությունից» լուսանկարները մնացին, այդ թվում քնապարկերում քնած վիճակում։   Արծրուն Հովհաննիսյանի ասած «5-րդ սերնդի պատերազմի» դեպքում, «ամեն մի տղամարդու ոտքի կանգնելու» եւ «զինկոմիսարիատների առաջ հերթեր գոյացնելու» իմաստը ո՞րը պետք է լիներ, երբ ակնհայտ էր, որ այս պատերազմը «ավտոմատի կռիվ չէր»։ Իսկ «Կապիտուլյացիա չի լինելու» արտահայտությունը՝ առանց մեկնաբանության։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է, որ հակառակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների գործադրած ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում հումանիտար հրադադար հաստատելուն, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է անտեսել եւ խախտել բոլոր պայմանավորվածությունները:

«Հատկապես օրվա երկրորդ կեսին Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները՝ հրթիռահրետանային միջոցների կիրառմամբ:Այս ամենը հաստատում է, որ Ադրբեջանի իշխանությունները, ունենալով Թուրքիայի իշխանությունների անվերապահ հովանավորությունը եւ վարձկան-ահաբեկիչների աջակցությունը, որեւէ նպատակ չունեն խաղաղ երկխոսությունը վերսկսելու եւ բացահայտ կերպով հասկացնում են, որ շարունակելու են ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ: Ուստի, մեր համազգային խնդիրն է պայքարել հանուն սեփական հայրենիքում արցախահայության անվտանգ ու արժանապատիվ գոյության: Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որեւէ զիջման ենթակա չեն»։

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է դրվագներ առաջնագծի զինծառայողների սխրանքներից։

«Մարտկոցի կազմով թշնամական 7 տանկ եւ 1 հետեւակի մարտական մեքենա խոցելու համար սերժանտ Մնացական Սահակյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, իսկ սերժանտ Արման Վարդումյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալի:

Արցախի ՊԲ-ն շարունակել է առաջնագծի զինծառայողների սխրանքների դրվագների շարքը։

«Մարտական գործողությունների ընթացքում զորքերի հմուտ եւ անխափան ղեկավարումն իրականացնելու, հակառակորդի մեծաթիվ ուժեր ջախջախելու համար գեներալ-մայոր Կարեն Առստամյանը, գնդապետներ Դավիթ Ավետիսյանը, Նիկոլայ Մխիթարյանը ներկայացվել են «Մարտական խաչի» ասպետության 1-ին աստիճանի»։

Եվս մի քանի դրվագ Արցախի ՊԲ զինծառայողների սխրանքներից։

Տարբեր քանակի տանկեր ոչնչացնելու համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններ կստանան շարքային Արեն Չոբանյանը, շարքային Հովիկ Ասատրյան, շարքայիններ Էրիկ Ղարիբյանը, Տիգրան Սիմոնյանը,  Սպարտակ Ասատրյանը եւ Դավիթ Բաղդասարյանը։

Մամուլի տեղեկություններով՝ պաշտոնից ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թեւոսյանը: ԱԱԾ-ն չի մեկնաբանել լուրը։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքում գրել է

«Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ։ Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։Մենք ո’չ հայրենիք, ո’չ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու»։

Ոչ պատերազմի ընթացքում, ոչ էլ հետո այդպես էլ հայտնի չդարձավ՝ կանանց ջոկատը մասնակցե՞լ է մարտական գործողությունների, թե՞՝ ոչ, ընդհանրապես մարտական առաջադրանք ստաց՞լ է, թե՞՝ ոչ։ 

Անգլիական այգում պատերազմի երրորդ օրվանից կամավորները պատրաստում են վիրակապեր՝ առաջնագիծ ուղարկելու նպատակով։ Մինչև հիմա ուղարկել են մոտ 1000 խմբաքանակ վիրակապ։

«Նախաձեռնությունը կազմակերպել ենք մի քանի ընկերներով, ապա մեզ միացան նաև կամավորներ», - պատմել էգործի կազմակերպիչ Իզաբելլա Խոշբեկյանը։Կամավորները  նախգործել են բաց երկնքի տակ, անձրևների սկսվելուն պես այգու տնօրինությունը նրանց տրամադրել է փակ տարածք։

Փենսիլվանիա՝ ընտրողների հետ հանդիպման մեկնելուց առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին համաձայնագիրը պահպանվում է:

Առանց մեկնաբանության։

Ամենօրյա ռեժիմով ոստիկանությունը շարունակում էր հրապարակել «արգելված հրապարակումների» վիճակագրությունը․ վերջին տվյալով՝ արձանագրվել է այդպիսի 207 դեպք։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 49-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր, խախտում թույլ տվածները տուգանվել են 300 հազարից 1,5 մլն դրամի չափով։

Բարգավաճ Հայաստան կուսակցությունից հայտնել են, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանըձեւավորել է մարտունակ ջոկատ՝ մարտական բարձր պատրաստվածությամբ, որտեղ ներգրաված են ինչպես հմուտ եւ հատուկ պատրաստվածություն անցած զինվորականներ, այնպես էլ մարտական բարձր ոգով օժտված կամավորներ, որոնք ապահովվել անհրաժեշտ պարագաներով։ Ջոկատը մեկնել է Արցախ։

Ոստիկանությունը պարզել է Սոցցանցերում տարածված տեսանյութում առաջնագծում կացության պայմաններից ու կենցաղային վիճակից դժգոհող ոստիկանի ինքնությունը։Ըստ կառույցի՝ տեսագրությունն արվել է պատերազմի առաջին օրերին, երբ համալրման գործողությունների հրատապությունը դեռ որոշակի խնդիրներ էր առաջացնում:«Հետագայում բոլոր խնդիրները լուծվել են, եւ մարտական հերթապահությունը կարճ ժամանակում կանոնակարգված բնույթ է ստացել», նշվել է հաղորդագրությունում:

Առանց մեկնաբանության։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը երեկոյան օրվա ամփոփիչ ճեպազրույցում հայտարարեց, որ հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն եւ որոշ ուղղություններով առաջանալ։

Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ Հադրութից հյուսիս գտնվող անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման եւ ջախջախման աշխատանքները, որոշ գյուղերում նույնիսկ թողել են մեքենաները եւ փախել, բայց որոշ գյուղերում մարտերը դեռ շարունակվում են։

«Այո, իմ հարգելի ժողովուրդ, հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն, այո նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ, ես հավատում եմ հայ զինվորի բազկին, հայ զինվորի խելքին, հմտությանը, տոկունությանը։ Հայ զինվորն այսօր էլ, երեկ էլ, եթե ինչ-որ տեղ էլ նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկ ջոկատայիններին»։

Առանց մեկնաբանության։

Արծրուն Հովհաննիսյանը  նաեւ պնդեց, որ զինվորական ղեկավարությունը լիովին տիրապետում է տեղեկատվությանը, եւ այդ հիման վրա են ընդունվում որոշումները, ներառյալ վերախմբավորումների վերաբերյալ որոշումները:

«Որոշ տեղերում հակառակորդի առավելությունը 10-ապատիկ է, եւ որոշումներն ընդունվում են հաշվի առնելով այս փաստը»,- ասաց նա:

Նույն ճեպազրույցում Արծրուն Հովհաննիսյանըասել է

«Մենք ունենք ադրբեջանական զինված ուժերի կողմից թուրքական F-16-ի օգտագործման ապացույցներ: Բարձր ճշգրտության մարտական արկեր են օգտագործվել հատուկ մարտական խնդիրներ լուծելու համար»:

Քիչ անց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրեց

«Այսօր էլ հայ գեներալի ու ժամկետայինի հակագրոհից փախուստի դիմեցին աշխարհի հզորներից համարվող հատուկջոկատայինները»։

Որտե՞ղ եւ ի՞նչ մանրամասներով է տեղի ունեցել այս դրվագը՝ Ա․Հովհաննիսյանը չի հայտնել։ 

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ հրապարակեց առաջնագծի զինվորներից եւ կից գրեց.

«Մեր արժանապատվության կռվի մարտիկները»։

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ի պատասխան Ն․Փաշինյանի ֆեյսբուքյան լայվի, Ֆեյսբուքում գրեց

«Հիմա մենք մեր հասարակությանը նախապատրաստում ենք ցավոտ փոխզիջումների, թե՞ տրամադրում, կազմակերպում, ոգեւորում եւ մղում ենք բաղձալի հաղթանակի։Երբ զորքը ճակատում կռվում է, երբ հայտարարվում է համազգային զորահավաքի մասին, երբ զինկոմիսարիատներում հերթ կանգնելու կոչեր է հնչեցնում երկրի ղեկավարը եւ զուգահեռ խոսում է կապիտուլյացիայի կամ դրան այլընտրանք ցավոտ փոխզիջման մասին, այս ամենը դառնում է եւ՛ անհասկանալի, եւ՛ անընդունելի։Այս վճռորոշ պահին ի՞նչ իմաստ եւ նպատակ ունի խոսել ցավոտ փոխզիջումների մասին։Ժողովուրդի վարքագիծն այս օրերին հերոսական է՝ զինվորից մինչեւ գեներալ, կամավորից մինչեւ թիկունքում գտնվող քաղաքացի, սգացող ընտանիքներից մինչեւ բժիշկ եւ առաջնագծում հերոսացող երիտասարդ։Անհրաժեշտ է հասկանալ բացթողումները, շտկել սխալները եւ կառավարման նոր որակ մտցնել ռազմաճակատում եւ թիկունքում»։

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքում գրեց

«Թշնամական երկու անկոչ ԱԹՍ-ներ քիչ առաջ ցած ընկան, մեր տղաների վարպետության շնորհիվ:Փա ՛ռք Հայոց Բանակին»։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրեց, որ սոցցանցերի ադրբեջանական աղբյուրներից հայկական էջերին ուղարկվում են պատերազմական դաժանությունների վերաբերյալ տեսանյութեր եւ լուսանկարներ՝ զուգահեռ տարածելով ատելություն էթնիկ հայերի նկատմամբ։ «Տեսանյութերի մոնտաժված ու մշակված լինելը վկայում է, որ այդ աշխատանքնունի համակարգված ու կազմակերպված բնույթ: Տեսանյութ-ապացույցները  կուղարկվեն միջազգային մարմիններին», նշված էր հաղորդագրությունում։

«Զինուժ մեդիան» ռեպորտաժ է պատրաստել ռազմաճակատ մեկնող տավուշցի կամավորականներից։«Շատ բան եթե մոռացել ենք, ապա մեր հմուտ սպաներն իրենց հմտությունները փոխանցում են։Ամեն մի հայ մարդու պարտավորությունն է, որ պաշտպանի եւ սահմանը եւ իր ընտանիքը եւ իր ժողովրդին։ Տրամադրություններս տեղն է։ Տրամադրված ենք մարտական ու հաղթելու ենք»,- ասել են նրանք։