Apple-ը երկու տարի առաջ սպառնացել էր հեռացնել Facebook-ն ու Instagram-ն իր հավելվածների խանութից՝ հարթակը Մերձավոր Արեւելքում սպասուհիների առեւտրի եւ վաճառքի գործիք օգտագործելու մտավախությունների պատճառով:

Կոշտ միջոցներ ձեռնարկելու հանրային խոստումից հետո Facebook-ը Associated Press-ի (AP) ձեռք բերած ներքին փաստաթղթերում խոստովանել է, որ ֆիլիպինցի սպասուհիները սոցիալական ցանցերում բողոքել են դաժան վերաբերմունքից եւ վիրավորանքներից:

Apple-ը զիջեց, եւ Facebook-ն ու Instagram-ը մնացին հավելվածների խանութում:

Բայց Facebook-ի միջոցները, կարծես, սահմանափակ ազդեցություն ունեցան: Նույնիսկ այսօր արաբերենով «հադիմա» կամ «սպասուհիներ» բառերի արագ որոնումը կբերի այնպիսի հաշիվներ, որոնք պարունակում են աֆրիկացիների եւ հարավասիացիների բեմադրված լուսանկարներ, որոնցում նշված են նրանց տարիքը եւ գները: Եւ սա չնայած այն հանգամանքին, որ Ֆիլիպինների կառավարությունն ունի աշխատակիցների թիմ, որոնք ամեն օր ստուգում են ֆեյսբուքյան գրառումները՝ հուսահատ աշխատանք փնտրողներին հանցավոր խմբավորումներից եւ կայքից օգտվող անբարեխիղճ հավաքագրողներից պաշտպանելու համար:

Մինչ Մերձավոր Արեւելքը շարունակում է աշխատանքի կարեւոր աղբյուր մնալ Ասիայի եւ Աֆրիկայի կանանց համար, որոնք հույս ունեն ապահովել իրենց ընտանիքները, Facebook-ը խոստովանել է, որ տարածաշրջանի որոշ երկրներում մարդու իրավունքների հետ կապված «հատկապես աղաղակող» խնդիրներ կան, երբ խոսքը վերաբերում է աշխատողների պաշտպանությանը:

«Մեր հետաքննության ընթացքում տնային աշխատողները իրենց հավաքագրող գործակալություններին հաճախ բողոքում էին, որ իրենց փակել են տներում, չեն կերակրել, ստիպել են անժամկետ երկարացնել պայմանագրերը, չեն վարձատրել եւ առանց իրենց համաձայնության բազմիցս վաճառվել են այլ գործատուների»,- ասվում է ֆեյսբուքյան փաստաթղթերից մեկում։ «Ի պատասխան ՝ գործակալությունները սովորաբար խնդրել են նրանց ավելին պատմել»:

AP-ին տված հայտարարության մեջ Facebook-ն ասել է, որ լրջորեն է վերաբերվում խնդրին, չնայած Մերձավոր Արեւելքում օտարերկրյա աշխատողներին օգտագործող գովազդների շարունակական տարածմանը: «Մենք միանշանակ արգելում ենք մարդու շահագործումը»,- ասել են Facebook-ում:

Այս, ինչպես նաեւ երկուշաբթի օրը հրապարակված մյուս պատմությունները, հիմնված են Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի կողմից արված բացահայտումների վրա եւ իրավաբանական խորհրդատու, Facebook-ի նախկին աշխատակից Ֆրենսիս Հաուգենի կողմից խմբագրված ձեւով տրամադրվել են Կոնգրեսին:

Խմբագրված տարբերակները ստացվել են լրատվական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից, որոնց թվում է AP-ն:

Ընդհանուր առմամբ, բազմաթիվ փաստաթղթերը ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում Facebook-ի սարսափելի չափն ու օգտատերերի բազան նրա արագ աճի եւ մոտ տրիլիոն դոլարի գնահատման առանցքային գործոն են, ինչպես նաեւ նրա ամենամեծ թույլ կողմն են անօրինական գործողությունները զսպելու ջանքերում, ինչպիսին է թմրամիջոցների վաճառքը, եւ իրենց կայքում մարդու իրավունքների ու աշխատանքային իրավունքների խախտումների մասին կասկածները։